Պայքարում են Տարոն Մարգարյանի վարկանիշի բարձրացման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է զբաղվել իր վարկանիշի բարձրացմամբ: Ինչի համար էլ անգամ հատուկ խումբ է ստեղծվել այդ աշխատանքները համակարգելու համար: Նկատենք, որ Տ. Մարգարյանի վարկանիշը «ընկավ» հատկապես 2013 թվականի հուլիսին` տրանսպորտի ուղեվարձի  թանկացումների մասին հայտարարություններից հետո:

«Հրապարակ»-ի փոխանցմամբ` քաղաքապետը որոշել է ստեղծել մի խումբ, որը պետք է այնպիսի քայլեր մտածի, որոնցով հնարավոր կլինի բարձրացնել քաղաքապետի վարկանիշը: Նրա հեղինակության բարձրացմամբ զբաղվող խորհուրդը պետք է ելքեր գտնի, որպեսզի Տարոն Մարգարյանը կարողանա դուրս գալ ստեղծված բարդ իրավիճակից: Այս առումով էլ  հետաքրքրություն է ներկայացնում հենց խորհրդի կազմը: Այն կազմված է իրենց ոլորտում փորձառու մարդկանցից:

1. Շուշան Սարդարյան –  ՀայՌուսգազարդի մամլո խոսնակ

2. Մարիա Բարաղամյան – Քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության բաժնի պետ

3. Մարգարիտ Եսայան – ԱԺ ՀՀԿ խմբակցության  պատգամավոր

4. Նարեկ Մալյան – Ոստիկանապետ Վովա Գասպարյանի օգնական

5. Արթուր Գեւորգյան – Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ

6. Նաղաշ Մարտիրոսյան – ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան

7. Արամ Անանյան – «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն

8.  Շավարշ Գեւորգյան – Հ2-ի լրատվական ծրագրի ղեկավար

9. Աստղիկ Ավետիսյան – «Հայկական Փի Ար ասոցիացիա»  գիտահետազոտական ՀԿ նախագահ

10. Էլզա Մանուկյան – Արարատյան թեմի էլեկտրոնային քարոզչության պատասխանատու

11. Գ. Դաջունց – «Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա»  ընկերության հետազոտական բաժնի ղեկավար

 12. Տիգրան Քոչարյան – «Հայաստանի գիտակների ասոցիացիա» ՀԿ ղեկավար

13. Անահիտ Եսայան – Նարեկ Սարգսյանի մամլո խոսնակ

14. Մ. Դավթյան – «Առողջություն» հաղորդաշարի  պրոդյուսեր

15. Սոնա Տռուզյան – ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նախկին մամլո խոսնակ

16.  Սամվել Մարտիրոսյան – Տեղեկատվական անվտանգության փորձագետ

Խորհրդի հետագա անելիքների և ստեղծված իրավիճակում Տարոն Մարգարյանի վարկանիշի բարձրացման հնարավորության մասին armlur.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, խորհրդի անդամ Մարգարիտ Եսայանի հետ:

– Տիկին Եսայան, խորհրդի կազմում ընդգրկվել եք Ձեր ցանկությամբ, թե՞ Ձեզ առաջարկել են:

– Ոչ,  ինձ առաջարկել են քաղաքապետարանից և ես սիրով ընդունել եմ այդ առաջարկը: (Նշենք, որ քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշել էր, թե իրենք խորհուրդ ստեղծելու մասին հայտարարել են, ինչին էլ արձագանքել են նշված անձինք և ցանկություն հայտնել  ընդգրկվել խորհուրդում, այլ ոչ թե իրենք են առաջարկել):

– Ինչպե՞ս եք  պատրաստվում բարձրացնել քաղաքապետի հեղինակությունը:

-Ես իմ անձնական նպատակներն ունեմ: Առաջին աշխատանքային հանդիպումն առաջիկայում կանենք: Դրանից հետո միայն ես ավելի մանրամասն կկարողանամ ասել, թե իմ առաջարկներից որ մասն ընդունվեց, որ մասը չընդունվեց: Բայց այն հիմնականում հասարակական հիմունքներով գործող կառույց է լինելու ու ավելի շատ խորհրդատվական պիտի լինի: Ուղղակի շատ ողջունելի է քաղաքապետի այս նախաձեռնությունը, որովհետև ինքը նաև մեր միջոցով ցանկանում է լուծել հասարակության կարծիքը, հասարակության տրամադրությունները:

– Սակայն ուղեվարձի թանկացման փորձից  հետո նրա վարկանիշը կտրուկ անկում է ապրել: Ելքը ո՞րն է:

– Անկեղծ ասած դա ձեր կարծիքն է, որ Տարոն Մարգարյանի հեղինակությունը շատ ցածր է: Ես հակառակ կարծիքին եմ, ընդհակառակը` այսօր գործող քաղաքապետի հեղինակությունը շատ բարձր է և շատ գնահատում եմ իր կատարած աշխատանքը: Գտնում եմ, որ շատ հասարակական կազմակերպություններ, որոնք վճարվում են դրսից և այլ շահեր են հետապնդում, տեսնեին շատ իրատեսորեն, լայն բացված աչքերով տեսնեին այն կոնկրետ աշխատանքը, որն իրականացնում է այսօր Երևանի քաղաքապետը: Շատ բարձր եմ գնահատում նրա աշխատանքն իրականում:

– Տարոն Մարգարյանին չարաշահումների մեջ են մեղադրում: Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ այդ մասին նույնպես նշված է:

– Չարաշահումները կոնկրետ փաստերով են լինում, իսկ Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ ներկայացված փաստերը չարաշահումներ չեն: Վերահսկիչ պալատը  տարբեր կառույցների հետ կապված ստուգումներ է իրականացնում և կառույցները հարմար պահի, օրենքի սահմաններում պատասխանում  և ներկայացնում են իրենց փաստերը: Դրանք չարաշահումներ չեն:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս