Armenian text to speach

TRIPP նախագծի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ․ Բայրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին և Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ առանձնացնելով նաև TRIPP նախագծի իրականացման հարցը։

Բաքվում կայացած համատեղ մամուլի ասուլիսում Բայրամովը հայտարարել է, որ իր գերմանացի գործընկերոջը տեղեկացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումների, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի և Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի մասին։ Նրա խոսքով՝ քննարկվել են նաև Արցախում շուրջ 100 հազար մարդու վերաբնակեցման և ականային վտանգի հարցերը։

TRIPP նախագծին անդրադառնալով՝ Բայրամովը նշել է, որ այն Վաշինգտոնի գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկն է։ Նրա խոսքով՝ քանի որ երթուղու մուտքի և ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, նախագծի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն նաև Ադրբեջանի հետ։

Բայրամովի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ այս հարցը քննարկելու համար որոշվել է ստեղծել համատեղ տեխնիկական աշխատանքային խումբ, որն արդեն սկսել է աշխատանքը նոյեմբերի 6-ին։ Խումբը զբաղվում է երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերի տեխնիկական պարամետրերի համաձայնեցմամբ։ Նա հավելել է, որ Ադրբեջանն իր տարածքում երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքների անհրաժեշտ աշխատանքները գրեթե ավարտել է, իսկ դրանց ամբողջական ավարտը նախատեսվում է հաջորդ տարվա սկզբին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Հայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ը հայտարարել էին TRIPP-ի առաջխաղացման նպատակով եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի մեկնարկի մասին։ Առաջին երկու խմբերը զբաղվելու են տրանսպորտային կապերի և էլեկտրահաղորդման ուղղություններով։

Բայրամովը նաև նշել է, որ իր գերմանացի գործընկերոջ հետ քննարկել են Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմներն ու դրանցից բխող ռիսկերը՝ ընդգծելով խնդիրները դիվանագիտական և քաղաքական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։

Հավելենք, որ Գերմանիայի ԱԳՆ նախարարը այսօր կժամանի նաև ՀՀ և հանդիպում կունենա ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Անի Վարդանյան



Մամուլի Տեսություն

Լրահոս