Հայ պարարվեստի նշանավոր ներկայացուցիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր, պարուսույց և մանկավարժ Նորայր Մեհրաբյանի մահվան լուրը ցնցել է հայ մշակութային հանրությանը: 85 տարեկանում կյանքից հեռացած վարպետի հրաժեշտի արարողության վերաբերյալ ԿԳՄՍ նախարարության կայացրած որոշումը, սակայն, բուռն դժգոհությամբ է ընդունվել հանրության և արվեստասերների շրջանում։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունում տեղի էր ունեցել Նորայր Մեհրաբյանի թաղման կառավարական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում որոշվել է՝ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ ժամը 17:00-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտը՝ նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-13:00-ը, նույն վայրում։
ArmLur.am-ը նկատեց, որ այս որոշումը սուր քննադատության և վրդովմունքի ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում և մշակութային շրջանակներում: Մարդիկ արդարացիորեն նշում են, որ Նորայր Մեհրաբյանի պես մեծությանն այս կերպ ճանապարհելն ուղղակի անթույլատրելի է։ Հանրության շրջանում հստակ պահանջ է ձևավորվել, որ վարպետի վերջին հրաժեշտը պարտադիր պետք է կազմակերպվի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահից, որտեղ նա երկար տարիներ ստեղծագործել է և իր ողջ կյանքը նվիրել հայկական պարարվեստին։
Հասարակության զայրույթն էլ ավելի է մեծանում, երբ համեմատություններ են տարվում նախորդ դեպքերի հետ. հիշեցնենք, որ վերջերս երգիչ Արա Մարտիրոսյանի վերջին հրաժեշտը կազմակերպվեց հենց Արամ Խաչատրյան համերգասրահից, մինչդեռ տասնամյակներ շարունակ նույն շենքում ու հայկական պարարվեստի կիզակետում աշխատած ժողովրդական արտիստին, փաստորեն, զրկում են Օպերայի շենքից կամ համերգասրահից արժանի հրաժեշտ ստանալու իրավունքից։
Արվեստասեր հանրությունը պահանջում է ԿԳՄՍ նախարարությունից և թաղման կառավարական հանձնաժողովից վերանայել կայացված որոշումն ու անվանի բալետմայստերին վերջին հրաժեշտը տալ Արամ Խաչատրյան համերգասրահից:




























