«Տոնուս» ընկերության կողմից խաբված քաղաքացիները այս պահին հավաքվել են ՀՀ Կառավարության շենքի առջև: «Արցախ» բանկի մոտ կայացած բողոքի ակցիայից հետո նրանք քայլելով եկան Կառավարություն եւ այս պահին զրուցում են ՀՀ կառավարության նամակների բաժնի ղեկավար Ալեքսանդր Ղազարյանի հետ:
Բնականաբար, Կառավարության շենքի առջև են հավաքվել նաև բազմաթիվ այլ քաղաքացիներ՝ տարբեր դժգոհություններով:
«Տոնուսից» տուժած քաղաքացիները տեսնելով, որ Կառավարության շենքից դուրս եկավ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մարգարյանը, արագ մոտեցան նրան, ինչի հետևանքով էլ ստեղծվեց լարված իրավիճակ:
Քաղաքացիները մոտեցան նրան և փորձեցին նրա հետ կիսվել իրենց խնդիրներով, սակայն, նախարարը ի պատասխան նրանց մտահոգություններին հայտարարեց, որ ինքը դեռ 4 օր է ինչ այս պաշտոնն է զբաղեցնում, և ծանոթ չէ այս խնդրին:
Վերջինս ասաց, որպեսզի բնակիչներն իրենց բողոքը նամակի տեսքով փոխանցեն իրենց գերատեսչություն, և խոստացավ տաս օր անց հանդիպել բնակիչների հետ:
Հ.Գ. Հովհաննես Մարգարյանը Վրաստանում ՀՀ դեսպանն էր: