Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի կունենա Հայաստանի ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքից: Դատը կսկսվի ժամը 11:30-ին: Մարգար Օհանյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի, Ճանապարհային ոստիկանության նախկին պետը յուրացրել է մարզային ճանապարհային ոստիկանությանը հատկացված բենզինի զգալի մասը` պետությանը պատճառելով մեծ չափերի վնասներ։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` պատճառված վնասը կազմել է մոտ 217 միլիոն դրամ (շուրջ 571 հազար դոլար), որից նախաքննության փուլում վերականգնվել է 198 միլիոնը։ Բենզինի յուրացման գործով, Մարգար Օհանյանից բացի, մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության ևս երեք աշխատակիցների, այդ թվում` տնտեսական բաժանմունքի պետ Արա Լեւոնյանին, տեխնիկ Սամվել Մախմուրյանին և 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանին։ Վերջինիս ցուցմունքների հիման վրա էլ կալանավորվել է Մարգար Օհանյանը։
Այսօր տեղի կունենա Մարգար Օհանյանի դատավարությունը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ