ՊՈՒՏԻՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Այսօր Գյումրու «Յոթ վերք» եկեղեցու տարածքում անցկացվող ճաշի փառատոնին կմասնակցի նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի աշխատակիցներից հետաքրքրվել է, թե արդյոք վարչապետը Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ է գալիս Գյումրի` նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու համար: Ի պատասխան՝ նշվել է, որ այդ նպատակով գրեթե ամեն օր Շիրակի մարզպետարանում խորհրդակցություն է հրավիրվում, եւ ամեն օր կառավարության տարբեր օղակներից ներկայացուցիչներ են մասնակցում: Նախօրեին էլ տարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով Գյումրիում են եղել ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները:
ԿՎՃԱՐԻ 22 ՄԼՆ
Ֆրանսիայի քաղաքացի Ժան Ժակ Մարի Արթուր Գոհենը պահանջել է նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանից բռնագանձել 22 մլն ՀՀ դրամ, ինչպես նաեւ այդ գումարին շուրջ 2 տարի շարունակ ավելացած տոկոսները: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ` 2010թ. Ն. Ազիզյանը Ֆրանիսայի քաղաքացուց մեկ ամիս ժամկետով պարտքով վերցրել է 22 մլն դրամ` պարտավորվելով այն մեկ ամսից չվերադարձնելու դեպքում վճարել 4 տոկոսի չափով տուգանք: Անցել է 2 տարի, բայց Ն. Ազիզյանը չի վերադարձրել ո՛չ պարտքը, ո՛չ էլ տոկոսները: 2 տարի անօգուտ սպասելուց հետո ֆրանսիացին դիմել է դատարան եւ շահել դատը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նախկին պատգամավորին պարտավորեցրել է վճարել 22 մլն դրամը տոկոսներով հանդերձ:
ՄԱՐՎԵՑ, ԳՆԱՑ
Երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ու կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը մարել են Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը նվիրված փոստային նամականիշը։ Արարողությանը ներկա են եղել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, «Հայփոստ»-ի ներկայացուցիչներ:
«ՀԱՅԵՐԸ ՃԱԳԱՐ ՉԵՆ»
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նոյեմբերի 29-ին անցկացնելու է արտոնված հանրահավաք, իսկ մինչ այդ` նոյեմբերի 26-ից, նախագահի նստավայրի դիմաց մի քանի ԱԻՄ-ականներով նստացույց են անելու՝ «Վիլնյուս կամ հրաժարական» պահանջով։ Հայրիկյանի գնահատմամբ` ԵՄ հետ ասոցացումից հրաժարվելը հանկարծակի էր նաեւ իր՝ նախագահի համար: «Չեմ կարծում, որ այդ աստիճանի անհետեւողական կարող ա լիներ, քանի որ նրան վաղուց եմ ճանաչում: Մաքսային միությունը ուղղակի փորձարկում է: Հայ ժողովուրդը ճագար չի, հայերը ճագարներ չեն, որ ենթարկվեն ինչ-որ 3 բռնապետերի հավակնություններից բխող փորձարարական առաջարկին»,-NEWS.am-ին ասել է Հայրիկյանը: