ԱԺ-Ի ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստն անցավ բավական ուրախ մթնոլորտում եւ երբեմն-երբեմն հիշեցնում էր հումորային մանրապատումների շարք: Իսկ գլխավոր դերակատարներն իրենց էմոցիոնալ, բռնկուն բնավորությամբ հայտնի ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էին:

Հիմնական բանավեճը սկսվեց այն ժամանակ, երբ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ներկայացնելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, անցավ պատգամավորների հարցերին պատասխանելուն: Քանի որ նախագիծը վերաբերում էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, մասնավորապես այդ երաշխիքային հիմնադրամներին, Խաչիկ Քոքոբելյանն ու Հրանտ Բագրատյանը սկսեցին հարցախեղդ անել ֆինանսների նախարարին, հակադարձել նրան: Կուսակից ընկերոջն օգնության հասավ Վարդան Այվազյանը` ընդհատելով բանավեճն ու թույլ չտալով, որ պատգամավորները շարունակեն հարցերը: Նա սկսեց նախարարի փոխարեն պարզաբանումներ տալ: Հետո նաեւ ասաց, որ հարցերն այդպես շարունակվելու դեպքում իրենք չեն հասցնի ավարտել նիստը, մինչդեռ առջեւում էլի օրինագծեր կան: Բագրատյանը ցանկանում էր եւս մեկ հարց տալ, Այվազյանը փորձում էր արգելել:
«Հանձնաժողովի նիստ է, իրավունք ունեմ հարց տալու: Եթե իրավունք չկա, ասե՛ք` չկա»,-ասաց Բագրատյանը:
«Մեղա քեզ, Աստվա՛ծ»,-հառաչեց Այվազյանը:
«Աստծուն հանգի՛ստ թողեք: Աստված իրա համար նստած ա»,-հակադարձեց Բագրատյանը:
«Ա՜խ, դրան էլ գիտեք` ինքը ոնց ա՝ նստած ա, կանգնած ա, թռնում ա…»:
«Նստած ա, միշտ նստած ա: Նստցրել եք Աստծուն»,-իր հումորը շարունակեց Բագրատյանը: Դահլիճում գտնվողները սկսեցին ծիծաղել:
«Լավ, լսի՛, հետաքրքիր հարց ա բայց»,-շարունակեց Բագրատյանը:
«Բայց առանց լարվածության»,-զիջեց Այվազյանը:
Այդ պահին, սակայն, Հրանտ Բագրատյանը տեղից վեր կացավ, ու թվում էր` որոշել է լքել դահլիճը: Բայց նա պարզապես հանեց կոստյումն ու կախեց աթոռից: Այվազյանն ուրախացած ինքն էլ տեղից վեր կացավ ու իր հերթին հանեց կոստյումը. «Ըհը, ես էլ հանեմ»: Քոքոբելյանն էլ, օգտվելով առիթից, առաջարկեց, որ նախարարը եւս հանի կոստյումը: «Նախարարը չէ՛, նախարարին չի կարելի: ԱԺ-ում իրան ձիգ պիտի պահի»,-առարկեց Այվազյանը: Վերջապես, Բագրատյանը հնչեցրեց իր հարցը, բայց Դավիթ Սարգսյանի պատասխանը կրկին չգոհացրեց նրան, ու կրկին սկսվեց բանավեճ:
Այվազյանը նորից միջամտեց. «Ընչի՞ ես էդպես վարվում: Հազար անգամ դու ես խոսում, թող մի անգամ էլ ես խոսամ, խոսալու համար երկուսս էլ նույն փողն ենք ստանում: Քեզանից շատ չեմ ստանում»:
«Պաժալույստա»,-զիջեց Բագրատյանը:
«Իսկ չխոսելու համար չե՞ն ստանում»,-միջամտեց Քոքոբելյանը:
«Էդ էլ են ստանում: Ցավոք սրտի, իրանք էլ են ստանում»,-իրեն չկորցրեց Այվազյանը:
Ավելի ուշ, երբ արդեն քննարկվում էր «Տրանսպորտի մասին» օրենքը, Հ. Բագրատյանը սկսեց իր հարցերով «նեղել» ՀՀ կառավարության աշխատակազմի ««Օրենս-
դրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրեն Արմեն Եղիազարյանին: Բագրատյանին միացավ նաեւ Վ. Այվազյանը, որը եւս մի շարք դրույթների վերաբերյալ իր վերապահումներն էր ներկայացնում, նույնիսկ սկսեց կառավարության ներկայացուցչին մեղադրել. «Վիրտուալ նստած՝ կամպյուտրով գրում եք… Կամպյուտրային պատասխաններ մի՛ տվեք»:
«Հազիվ ԱԺ-ում բախվել ենք ինտելեկտի հետ, եկե՛ք օգտագործենք այդ ինտելեկտը, որ ճիշտ օրենք մշակվի»,-ասաց Բագրատյանը:
«Ինտելեկտ ասելով` մեր հանձնաժողովի՞ն նկատի ունեք»,-հարցրեց Այվազյանը:
«Այո՛»,-պատասխանեց Բագրատյանն ու հավելեց, թե նկատի ունի նաեւ անձամբ Այվազյանին:
Բագրատյանի հաճոյախոսությունը դուր եկավ Այվազյանին, եւ նա սկսեց հպարտանալ, որ իրենց հանձնաժողովն ինտելեկտուալ է, եւ այնտեղ հարցերն իրապես քննարկվում են:
Քիչ անց, սակայն, Այվազյանն ու Բագրատյանը կրկին սկսեցին իրար հետ վիճել: Երբ Բագրատյանը սկսեց հարցեր տալ Եղիազարյանին, Այվազյանը կոչ արեց հարցերն ավելի կոնկրետացնել, որ նա չխճճվի:
«Պարոն Եղիազարյանը կյանքում չի խառնվի, պարոն Եղիազարյանի մասին վատ կարծիք ունեք, նա շատ պատրաստված մասնագետ ա»,-ասաց Բագրատյանը:
«Պարոն Բագրատյանը որ վարչապետ էր, պարոն Եղիազարյանը ստեղ, Մինասյանին էլ հետը գումարած, հանձնաժողովի նախագահ, ես էլ իրանց մոտ մեկ-մեկ գնում, բան էի անում, էլի՛, գնում, հանձնաժողովի նիստերին մասնակցում էի»,-ուրախացած սկսեց պատմել Այվազյանը:
«Եթե հաջողվում էր ներս մտնել»,-կտրուկ հակադարձեց նախկին վարչապետը:
«Պարո՛ն Բագրատյան, ուրեմն, ի գիտություն Ձեզ եւ բոլորին, որտեղ որ ես եմ մտել, ես եմ էտի: Իմ քրտինքով, իմ ունեցած հեղինակությամբ չորս-հինգ անգամ նույն տարածքից ընտրվել եմ: Էդ իրավունքը ես վաստակել եմ: Որեւէ մեկից նվեր ոչ մի անգամ չեմ ստացել»,-նորից զայրացավ Այվազյանը:
Բագրատյանն էլ հակադարձեց` ասելով, որ ինքը հիշում է, թե ինչպես են իրենք օգնել Այվազյանին դառնալ պատգամավոր:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս