Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆրանսիայում ու Գերմանիայում ցույցերը վերածվել են զանգվածային թալանի ու ջարդերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայում սոցիալական լարվածությունը թևակոխել է նոր ու վտանգավոր փուլ։ Եթե նախկինում բողոքի ակցիաները գլխավորում էին արհմիություններն ու ֆերմերները, ապա այժմ Ֆրանսիայում և Գերմանիայում ցույցերի ալիքը գլխավորում է երիտասարդ սերունդը՝ «Gen Z»-ը, որն ընդվզում է ոչ միայն կրթական համակարգի, այլև ապագայի անորոշության ու կյանքի թանկացման դեմ։

Ֆրանսիայում ուսանողական և դպրոցական լայնամասշտաբ ցույցերը սկիզբ առան դեռևս 2026 թվականի սեպտեմբերին, երբ ավագ դպրոցների աշակերտները սկսեցին շրջափակել իրենց ուսումնական հաստատությունների մուտքերը։ Դժգոհության առաջնային պատճառը դպրոցների անմխիթար շենքային պայմաններն էին, ուսուցիչների ու բուժաշխատողների խիստ պակասը, խտացված դասացուցակները և բուհական ընդունելության անարդար համակարգը։ Հոկտեմբերին շարժմանը միացան համալսարանների ուսանողներն ու արհմիությունները՝ բարձրացնելով նաև կրթական բյուջեի կրճատումների, ուսանողական կացարանների հակասանիտարական վիճակի և կյանքի թանկացման հարցերը։ Ցույցերը արագորեն վերածվեցին բռնի բախումների․ Փարիզում, Լիոնում, Մարսելում և Ռենում հարյուրավոր դպրոցներ ու համալսարաններ փակվեցին։ Հոկտեմբերին ոստիկանության հետ բախումների հետևանքով ձերբակալվեցին հազարավոր երիտասարդներ (որոնց մեծ մասը անչափահասներ էին), իսկ Փարիզի մի շարք հատվածներում և խոշոր քաղաքներում իշխանությունները ստիպված եղան պարետային ժամ մտցնել անչափահասների համար։

Գերմանիայում իրավիճակը կտրուկ սրվեց հոկտեմբերի 31-ին, երբ ավելի քան 120,000–160,000 երիտասարդներ և ուսանողներ դուրս եկան երկրի ավելի քան 30 քաղաքների փողոցներ՝ մասնակցելու «Gen Z» համագերմանական ցույցերին։ Բեռլինում, Ֆրանկֆուրտում, Շտուտգարտում և Քյոլնում երիտասարդները բողոքում էին բնակարանային վարձերի աստղաբաշխական աճից, կրթության ու առողջապահության ֆինանսավորման կրճատումներից և պարտադիր զինվորական ծառայության վերականգնման պլաններից։ Ցուցարարները մեղադրում էին կառավարությանը սոցիալական ծրագրերը կրճատելու և ռազմական ծախսերն ավելացնելու համար։ Թեև ցույցերը սկսվել էին խաղաղ, հոկտեմբերի 31-ի երեկոյան Ֆրանկֆուրտում և Համբուրգում դրանք վերածվեցին զանգվածային անկարգությունների․ դիմակավորված ցուցարարները ջարդեցին բրենդային խանութների ցուցափեղկերը, թալանեցին խանութներ, իսկ ոստիկանությունը կիրառեց ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։

Երկու երկրներում տեղի ունեցող իրադարձությունների հիմքում սոցիալական և տնտեսական խնդիրներն են՝ թանկացող կյանքը, բնակարանների անմատչելիությունը, կրթության որակի անկումը և երիտասարդների ապագայի շուրջ անորոշությունը։ Սակայն բողոքի մասնակիցների խաղաղ պահանջներից զատ՝ փողոցներում տեղի ունեցող թալանն ու ջարդերը նոր խնդիր են ստեղծում իշխանությունների համար։ Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունները խոստանում են խստացնել պատասխանատվությունը անկարգությունների մասնակիցների նկատմամբ, մինչդեռ հասարակության դժգոհությունը շարունակում է մնալ օրակարգում։

Անի Վարդանյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս