ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վստահեցնում եմ, որ ամենօրյա լարված ձեր առաքելությունն իրականացնելիս մշտապես կզգաք նախարարության ամենամեծ ուշադրությունն ու հոգատարությունը։ Դուք միայնակ ու անօգնական չեք լինի»։

Դերենիկ Դումանյան

Կառավարության ներկայացուցչի հերթական միջինվիճակագրական եւ «ցրողական» պատասխանը, որն իր մեջ, իհարկե, որեւէ հարցի պատասխան չի պարունակում։ Եվ սա այն դեպքում, երբ բարձրացված հարցը բավական լուրջ էր՝ կապված շտապբուժօգնության ծառայություն իրականացնողների վարձատրման մեխանիզմների վերանայման, բրիգադների ավելացման, նոր չափորոշիչների հետ, ինչին ի պատասխան՝ առողջապահության նախարարը հերթական անգամ շեշտեց նախարարության ուշադրության եւ հոգատարության մասին, որից իրականում զուրկ են առանց այն էլ հաճախ ծեծ ուտող շտապբուժօգնության բժիշկները։

 

«Ժամանակավրեպ է այդ մասին խոսելը. ՌԴ նախագահը կգա, համապատասխան փաստաթղթերը կկազմվեն, նոր մենք կհրապարակենք, կիմանաք»:

Սամվել Թադեւոսյան «ԳԱԼԱ»

ՄՄ մտնելու որոշում կայացնելուց առաջ էլ Ս. Սարգսյանն այդ մասին չխոսեց, այլ միանգամից անակնկալի բերեց հասարակությանը։ Հիմա էլ քաղաքաշինության ՕԵԿ-ական նախարարն է որդեգրում իր սիրելի ՀՀԿ-ի նախագահի վարքագիծը՝ նախապես ոչինչ չի ասում այն մասին, որ Գյումրու որոշ կառույցներ կարող են հանձնվել «գաղութատիրոջը»՝ ՌԴ-ին։ Փաստորեն, 2008-ից ի վեր ՕԵԿ-ականներն այնքան են «ՀՀԿ-ացել», որ որդեգրել են լիովին նույն՝ ժողովրդի ձեռքից խլողի եւ վերադասին քծնողի մոտեցումները, այսինքն՝ քաղաքին, ժողովրդին պատկանող կառույցները համարում են իրենց «հոր ունեցվածքը» եւ հանձնում ռուսին։

 
«Այսօր իմ համար օրը բաղկացած է 48 ժամից, որից 96 ժամը մենք ծախսում ենք ժամանակն ու տարածությունը մեկ ծիրի բերելու վրա… ներկայիս հասարակությունը տանգոյի տակ քոչարի է պարում: Ներողություն եմ խնդրում, որ ձեր հարցերին ձեր ուզած պատասխանները չեմ կարողանում երբեք տալ»:

Ստեփան Մնացականյան «ՀԺ»

Կանտն ու Նիցշեն պարզապես «հանգստանում են», քանի որ արդեն իսկ կա ՀՀ ԱՎԾ պետ Մնացականյանը, որը, պարզվում է, նաեւ փիլիսոփա է եւ կարողանում է աբստրակտ մտքեր արտահայտել, եթե դրանք, իհարկե, կարելի է միտք անվանել։ Չնայած այս հանճարի երկունքները կարելի է նաեւ յուրովի մեկնաբանել եւ դրանցում գտնել ճշմարտություն. օրինակ, եթե նայում ենք ԱՎԾ-ի կողմից ներկայացվող՝ ադիբեկյանական ու մուկուչյանական ոճով նկարված թվերին, ապա պարզ է դառնում, որ մեր ԱՎԾ-ում զբաղվում են ոչ այլ ինչով, քան 48 ժամից 96-ում ժամանակն ու տարածությունը մեկ ծիրի բերելով եւ զուգահեռաբար տանգոյի տակ քոչարի պարելով։

Կարեն Վարդանյան




Լրահոս