ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, համայնքների ղեկավարներին ներկայացրեց Արարատի նորանշանակ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին:
Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթեց նոր պաշտոնում:
Նորանշանակ մարզպետին ներկայացնելով՝ փոխվարչապետը նշեց, որ նա պետական մարմիններում երկարամյա աշխատանքի փորձ ունի, քաջատեղյակ է մարզում առկա խնդիրներին եւ վստահություն հայտնեց, որ նրա փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն նոր պաշտոնում հաջողությունների հասնելու համար: Նորանշանակ մարզպետին նա արդյունավետ աշխատանք մաղթեց՝ հույս հայտնելով, որ համայնքների ղեկավարների, մարզային կառույցների հետ համագործակցաբար կհաջողվի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր կյանքի կոչել: Փոխվարչապետն ընդգծեց, որ մարզի խնդիրները գտնվելու են կառավարության մշտական ուշադրության կենտրոնում, եւ տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը շարունակվելու են:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին