Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը armlur.am-ի հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ Էդմոն Մարուքյանի հետ կապված սկանդալային պատմությանը:
Հիշեցենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Էդմոն Մարուքյանը, ով մեկ տարուց ավելի՝ 2009թ. հունիսի 13-ից մինչև 2010թ. հունիսի 30-ը, չի եղել Հայաստանում, սակայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության լուռ հայացքի ներքո, նրան տվել է վերջին 5 տարում ՀՀ-ում մշտական բնակության մասին տեղեկանք: Ավելին, Էդմոն Մարուքյանը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի ղեկավարած գրասենյակի իրավաբանի կարգավիճակ ունենալով է 2009-ին հունիսի 13-ին մեկնել ԱՄՆ` ուսումնառություն:
Արթուր Սաքունցը, սակայն, հերքեց այդ պատմության հետ իր և իր գրասենյակի կապը` ասելով.«Էդմոն Մարուքյանը մեր կազմակերպության անդամ չէ, որ տեղեկանք տանք:
Ճիշտ է, մենք իր հետ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար ժամանակին պայմանագիր կնքել ենք (նման ձևով մենք այլ փաստաբանների հետ ևս առնչվում ենք), բայց այլ հարցերով մենք առնչություն չենք ունեցել»,- ասաց Սաքունցը:
Իսկ ընդհանրապես Մարուքյանի հետ կապված այս պատմությունը Սաքունցի համար Վիկտոր Դալլաքյան – Էդմոն Մարուքյան պատգամավորական մանդատի համատեքստում է, որին ինքը չի ցանկանում անդրադառնալ:
Սոնա Դավթյան