Ոստիկանության աշխատանքը բարելավվելու կարիք ունի. Փոխոստիկանապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 21-ին ոստիկանությունում տեղի է ունեցել հերթական գործնական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենատ Հունան Պողոսյանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ մասնակցում էին ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներ, գլխավոր վարչությունների, վարչությունների, տարածքային բաժինների պետեր:

Անդրադառնալով ոստիկանության ստորաբաժանումների և ծառայությունների աշխատանքին և հանրապետության օպերատիվ իրավիճակին՝ Հունան Պողոսյանը վերստին կարևորել է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի անվերապահ կենսագործումը՝ որպես ոստիկանության գործունեության գլխավոր ելակետ ու նպատակ:

Հունան Պողոսյանը տարածքային բաժինների ղեկավարներից պահանջել է անհանդուրժող լինել հանցավոր հակումներ ունեցողների, սեփական անձը օրենքից վեր դասելու ցանկացած փորձի, ինչպես և՝ ոստիկանին անհարիր պահվածքի դրսևորումների նկատմամբ:

Ոստիկանության պետի առաջին տեղակալը մանրամասն վերլուծել է տարածքային բաժինների գործունեությունը և ընդգծել հատկապես ոստիկանության Երևան քաղաքի ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքը բարելավելու անհրաժեշտությունը:

Հունան Պողոսյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել տարածքային բաժինների պետերին, իսկ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են համապատասխան ոլորտների վերաբերյալ իրենց դիտարկումները և առաջարկել թերությունների վերացման ուղիներ:




Լրահոս