ՀՅԴ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական դաշտում իրեն լուրջ ընդդիմություն համարող դաշնակցության անդամները հանրապետության երկրորդ քաղաքում, կարելի է ասել, պարապուրդի  են մատնված: Շիրակի մարզային կոմիտեն ՀՅԴ Գերագույն մարմնի որոշմամբ չի գործում, իսկ այդ մարմնի կառույցում տեղակայված Գյումրիի գրասենյակը գրեթե միշտ փակ է, կուսակցության ներկայացուցիչներն էլ իրենց երկրորդ աշխատավայրերում են: Դաշնակցության Գյումրիի կոմիտեի ներկայացուցիչ Արամ Հակոբյանն ասում է, թե իրենք այս ընթացքում կազմակերպչական լուրջ խնդիրներ են լուծում, պատրաստվում ընտրությունների, որ երկիր կառուցեն: Սա թերեւս կատակ է, քանի որ իրականում  Շիրակի մարզի դաշնակցականներն իրար դեմ են ելել ու կռվում են մարզային կոմիտեում պաշտոններ զբաղեցնելու համար: Արդյունքում, համեմատաբար բարձր պաշտոններ զբաղեցնող կուսակցականներն այժմ ավելի ցածր պաշտոնների են անցել: Բայց դարձյալ «չեն նեղվում»: «Կան ներկուսակցական խնդիրներ, մարզային կոմիտեն չի գործում, բայց դա ժամանակի խնդիր է»,- իրենց հուսադրում են շարքային դաշնակցականները : Կուսակցության Գյումրիի կոմիտեի քարտուղար Կարեն Գալստյանը  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ավելի հստակ նշեց, որ տարաձայնություններ են եղել մարզային կոմիտեի անդամների միջեւ` ավելի պարզ, համայնքային դաշնակցականները Գերագույն մարմնին հարց են բարձրացրել, թե գյումրեցի դաշնակցականներն ինչո՞ւ  են մենաշնորհել մարզային կոմիտեի պաշտոնները:     «Եթե մինչեւ ընտրություններ մարզային կոմիտեն չվերակազմավորվի, ապա կուսակցությունը կորցնելու շատ բան կունենա»,- համոզված է ՀՅԴ Գյումրիի կոմիտեի քարտուղարը: Զարմանալի է, որ ՀՅԴ որոշ ներկայացուցիչներ տեղյակ չեն ներկուսակցական խմորումներից, ավելին` շարունակում են հայտարարել, որ կուսակցությունը հզորանում է: ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի տնօրեն  Կիրո Մանոյանը «Ժողովուրդ»-ին նշեց, որ ինքը տեղյակ չէ, եւ որ անհրաժեշտ է դիմել Գերագույն մարմնին:  ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Հրաչ Թադեւոսյանն էլ հայտնեց, որ  որոշ ժամանակով Շիրակի մարզը Դաշնակցության մարզային կոմիտե չի ունենա, իսկ նոր կոմիտեին կընտրի Գերագույն մարմինը:ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆԱՅԱՆ Գյումրի




Լրահոս