Սերժ Սարգսյանը երեկ Թուրքիայի նախագահին հրավիրել է Հայաստան: Ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում՝ Ս. Սարգսյանը, մասնավորապես, ասել է․ «Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»:
Այսպիսով` Սերժ Սարգսյանը կատարել է հերթական «նախաձեռնողական» քայլը, որը, սակայն, բացի զուտ էմոցիոնալ եւ կարճաժամկետ էֆեկտից՝ այլ` առարկայական հետևանքներ չի կարող ունենալ: Ինչ խոսք, շատ հուզիչ են Սարգսյանի հիմնավորումները, թե` «բավական է մտնել ցանկացած հայկական տուն, ցանկացած ընտանիք, և վկայությունները կլցնեն ցանկացած ունկնդրի սիրտը»:
Խնդիրն այն է, սակայն, որ որևէ մեկը, առավելևս՝ Թուրքիայի նախագահը, ցանկություն չունի մտնել ցանկացած հայկական տուն` տեղեկանալու մեր համազգային ցավի մասին: Այդ մենք պետք է մեր ցավը, մեր պահանջատիրությունը մտցնենք օտարների և առաջին հերթին` թուրքերի տուն, եթե իրապես ցանկանում ենք, որ նրանք ըմբռնեն կատարվածն ու ներում հայցեն:
Այս իմաստով, սակայն, ՀՀ իշխանությունները, հատկապես 2009-ից հետո, գրեթե ոչինչ չեն անում: Անգամ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովն իր գործունեության երեք տարիների ընթացքում ընդամենը մի քանի նիստ գումարեց, իսկ երեկվանը, որքան էլ տարակուսելի է, վերջինն էր: Մինչդեռ պետք է լիներ հակառակը. հարյուրամյակին ընդառաջ՝ այդ հանձնաժողովը պետք է ակտիվացներ իր աշխատանքները: Պետք է մշակվեր տարատեսակ միջոցառումների հզոր, հուժկու մի շարք, այդ թվում` այնպիսի հանրազդու գործիքների կիրառմամբ, ինչպես օրինակ, Հոլիվուդում ցեղասպանության թեմայով համաշխարհային որակի ֆիլմի նկարահանումն է:
Սակայն այս հանձնաժողովը ոչ միայն միջոցներ չտրամադրեց նման «ճոխություններ»-ի համար, այլև տորպեդահարեց շատ ավելի փոքր մասշտաբի ֆիլմի նկարահանման գործընթացը` այդպես էլ չընտրելով ներկայացված սցենարներից որևէ մեկը:
Փոխարենը` ինչպես միշտ, այս անգամ էլ մրցույթում հաղթեց «Շարմի» նախագիծը` անմոռուկ ծաղկի տեսքով: Իսկ մնացած «աշխարհացունց» միջոցառոմներից առայժմ նշվում է միայն Կոմիտասի թանգարանի բացումն ու Ցեղասպանության թանգարանի նորովի ներկայացումը: Պարզապես ամոթ է: