Այսօր Ազգային ժողովում պետական բյուջեի քննարկման ժամանակ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հարց ուղղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Նա նշեց, որ թրթուրներն այս տարի մասսայական հարձակում գործեցին ցանքերի վրա, ու մայիսյան տոներին էլ արագ արձագանք եղավ Գյուղատնտեսության նախարարության կողմից: Պատգամավորը հետաքրքրվեց՝ ինչն էր թրթուրների հարձակման պատճառը, պիկը անցավ, թե՝ կարող է մյուս տարի ևս կրկնվել:
«Չե՞ք կարծում, որ 2015-ի բյուջեից պետք է հատկացումներ արվեն սրա ուղղությամբ, ոչ ոք չի կարող բացատրել՝ սա իրենց բազմացման գագաթնակետներն էր, թե՝ ոչ»,-հարց ուղղեց նա:
Նախարարը պատասխանեց, որ այս տարի այդ հիվանդությունը գլուխ բարձրացրեց, ամեն ինչ հանկարծակի սկսվեց: «Ես ուզում եմ հավաստիացնել, որ կենդանական աշխարհում կա պարբերականություն: 2011-ին կրծողների կողմից վնասներ եղան, իսկ վերջին տարիներին չկան: Հնարավոր է՝ նման պիկեր լինում են: Այս տարի ունեցանք այդ պիկը, որոշակի շատ էր Կոտայքի և Արագածոտնի մարզում»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ այսօր վիճակը նորմալ է, իսկ հաջորդ տարվա համար կնախատեսեն համապատասխան միջոցներ սրա դեմ պայքարի համար, ու վնասներ չեն կրի:
ԲՀԿ-ական պատգամավորը նաև անդրադարձավ մեկ այլ խնդրի:
«Ձեզ հատկացված էր մոտ 15 միլիարդ դրամ գումար, հաշվետու եղաք կեսը, մյուս կեսն ասացիք, որ ձեզ չի պատկանում, ապա մեկն եկավ ԺԵԿ-ից ինչ-որ թուղթ էր բերել, որ կարող է ներկայացնել, չընդունեցինք: Չե՞ք կարծում, որ գյուղատնտեսությունն արդյունավետ ղեկավարելու համար պետք է մեկ միասնական օրգան, որտեղից ամբողջ գումարները կտրամադրվեն»,-հարցրեց նա: Նախարարն արձագանքեց, որ արդեն երրորդ տարին է, որ Լյովա Խաչատրյանն այս հարցը տալիս է իրեն, ինքն էլ պատասխանում է, որ այսօր իրենք իրականացնում են իրենց աշխատանքն իրենց լիազորությունների սահմաններում:
«Դա բոլոր ոլորտներին է վերաբերում, ունենք նոր կառավարություն ու վարչապետ, ով իր խոսքի մեջ ասել է, որ բոլոր ծրագրերն արդյունավետ են լինելու, և մենք ղեկավարվելու ենք այդ ծրագրով», – հայտարարեց նա: