Նախագահ Սերժ Սարգսյանն Ավստրիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի հետ:
Զրուցակիցները քննարկել են հայ-ավստրիական բազմաբնույթ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել են բարձրաստիճան մակարդակով փոխայցելություններն ու երկխոսության ակտիվացումը, ինչը Նախագահ Սերժ Սարգսյանի և Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի համոզմամբ, երկու երկրների միջև համագործակցության զարգացման կարևոր գրավականներից է: Զրուցակիցները մեծապես կարևորել են միջխորհրդարանական կապերի դերը երկու երկրների միջև հարաբերությունների ակտիվացման գործում և այդ համատեքստում ընդգծել խորհրդարանների միջև կապերի զարգացման, համագործակցության խթանման ուղղությամբ երկկողմ ջանքերի անհրաժեշտությունը:
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ բարեկամության վրա հիմնված հայ-ավստրիական միջպետական հարաբերություները հաջողությամբ զարգանում են, ինչի վկայությունն է նաև իր ներկայիս այցը բարեկամ Ավստրիա: Երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի պահպանման գործում զրուցակիցները կարևորել են կանոնավոր քաղաքական երկխոսությունն ու տնտեսական, մշակութային, գիտական և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում հաստատված համագործակցության հետագա ընդլայնումը:
Ավստրիա պաշտոնական այցի առաջին օրը Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև Վիեննայում «Հայաստան» բամզագործառույթ (տնտեսական, ֆինանսական, մշակութային, տեղեկատվական) կենտրոնի բացման արարողությանը: Այն կառուցվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ արտաքին գործերի նախարարության միջև 2013թ. ապրիլի 30-ին Երևանում կնքված Մտադրությունների մասին հուշագիրը: Կենտրոնը հանդիսանում է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության մասը և օգտվում է Վիեննայի կոնվենցիայով և դիվանագիտական ներկայացուցչությունների կարգավիճակը կարգավորող երկկողմ միջազգային համաձայնագրերով սահմանված արտոնություններից և անձեռնմխելիությունից:
Վիեննայում բացվել է «Հայաստան» տնտեսական և մշակութային կենտրոնը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ