Ինչու՞ եզդիները չեն ներգրավվում Հայաստանի պետական կյանքին. առաջարկ ՍԴ նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան  ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին դիմում է առաջարկով` սահմանադրական բարեփումներ իրականացնել նաև ազգային փոքրամասնությունների մասով:

Armlur.am-ին Ա.Շարոյանը հայտնեց, որ իրենք խնդրանքով դիմել են սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին, որպեսզի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարող հանձնաժողովի անդամները հաշվի առնեն նաև «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի անդամների և համակիրների առաջարկությունները:

Առաջարկության մեջ մասնավորապես ասվում է` «ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման և զարգացման իրավունք:

Նշված սահմանադրաիրավական նորմի վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են ազգային փոքրամասնությունների այնպիսի ոչ պակաս կարևոր նշանակություն ունեցող իրավունքներ, ինչպիսիք են կրոնական, լեզվական և մշակությանին կյանքին մասնակցելու իրավունքը:

Սակայն, ոչ պակաս կարևորություն, իսկ երբեմն հրատապություն է ներկայացնում այն հիմնախնդիրը, որը վերաբերում է ազգային փոքրամասնությունների կողմից իշխանության գործառույթների իրականացմանը մասնակցելու լրացուցիչ երաշխիքներ սահմանելուն:

Մենք բոլորս էլ քաջ գիտենք, որ Հայաստանի տարածքում ազգամիջյան հարաբերությունների ամբողջ պատմությունը հավաստել է, որ հայերն ավանադաբար բարյացակամ և հանդուրժող վերաբերմունք են ունեցել իրենց երկրում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության անկախացումից անցել է արդեն 22 տարի, որի ընթացքում մեզ հայտնի չեն դեպքեր, երբ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ քաղաքացիներին պետական և հասարակական կյանքին ներգրավելու լրացուցիչ հնարավորություններ ստեղծվեն, առանց նման պայմանների անգամ ամենաժողովրդավարական երկրում ազգային փոքրամասնությունները որևէ հաջողության չեն հասնի:

Այսպես, գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում հայերից հետո առավել մեծ թվով ապրում են եզդիները, որոնք որևէ ձևով ներգրավված չեն պետական իշխանության համակարգում գոյություն ունեցող աշխատանքներում: Համեմատության կարգով կարող ենք ասել, որ մինչ ՀՀ անկախացումը գոյություն ուներ հետևյալ մոտեցումը. եթե ՀՀ տարածքի որոշ շրջաններում որտեղ կոմպակտ բնակվում էին ազգային փոքրամասնություններ, ապա շատ պետական հաստատություններում ղեկավարը կամ ղեկավարի տեղակալը պարտադիր եղել է տվյալ տարածքում բնակվող ազգային փոքրամասնության ներկայացուցիչը:

Հայաստանի գերագույն խորհրդի նախագահության անդամ, գյուղատնտեսության և տրանսպորտի նախարարության պատասխանատու պաշտոններ, ոստիկանության բաժնի պետի կամ տեղակալի, ՀՀ դատախազության քննչական վարչության և նման մի շարք այլ պատասխանատու պաշտոններում տարիներ շարունակ պաշտոնավարել են հենց մեր հայրենակից ազգակիցները, որոնց նշանակման հարցում եղել են առանձնահատուկ մոտեցումներ:

Ներկա իրավիճակում, ցավոք սրտի, կարելի է ասել, որ պատասխանատու պաշտոններ զբաղեցնող ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ չկան: Իհարկե, սա չի նշանակում, որ նման մասնագիտության տեր կադրերի պակաս ունենք, բնավ էլ այդպես չէ. դա ավելի շուտ անտարբերության կամ պարզապես պետական մարմիների կողմից անտեսվածությունն է հանգեցրել դրան:

Վերոշարադրյալի հաշվառմամբ, և նկատի ունենալով, որ ՀՀ սահմանադրության 41-րդ հոդվածում նախատեսված երաշխիքներն անվերապահորեն կատարվում են, ուստի առաջարկվում է Հանձնաժողովին՝ քննարկել ազգային փոքրամասնությունների վերաբերող սահմանադրական դրույթի վերանայման նպատակահարմարության հարցը, որը մեր խորին համոզմամբ էլ ավելի կհեշտացնի ազգային փոքրամասնություններին ներգրավվելու պետական իշխանության իրականացման գործընթացին:

Առավել ևս, նման առաջարկ արվում է մի այնպիսի պետությունում, որի էթնիկ ժողովրդի մի ստվար զանգված գտնվելով սփյուռքում՝ եզդիների հետ միասին արժանացել է պետության նման վերաբերմունքի: Իսկ այն պետություններում, որտեղ պետական քաղաքականությունը լիարժեք չէ, հայկական և եզդիական համայնքները պարբերաբար բարձրացնում են այդ հարցերը:

Մեր կողմից առաջարկում ենք,  ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածում ավելացնել դրույթ հետևյալ խմբագրությամբ. ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների համակարգում ներգրավվելու երաշխիքները սահմանվում են օրենքով:

Իհարկե, այս դրույթի հիման վրա անհրաժեշտություն կառաջանա մշակել օրենքի նախագիծ «Ազգային փոքրամասնության կարգավիճակի մասին»: Միաժամանակ առաջարկում ենք ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածում «Ազգային ժողովը կազմված է հարյուր երեսումեկ պատգամավորից» բառերից հետո ավելացնել դրույթ, որոնցից 25-30 տոկոսը լինեն կանայք,իսկ 3-4 տոկոսն ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ:

ՀՀ Սահմանադրության 99-րդ հոդվածում «Սահմանադրական դատարանը կազմված է ինն անդամներից», որոնցից նվազագույնը մեկ անդամը լինի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ»:




Լրահոս