ԺՈՂՈՎՐԴԻՆ ԿԱԶԻՆՈՅԻ ԽԱՂԱՑՈՂ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանություններին այդպես էլ չհաջողվեց խուսափել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի քննարկումից. թեեւ նոյեմբերի 15-ին ՀՀԿ-ն բոյկոտել էր ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների նախաձեռնությամբ կայացած արտահերթ նիստը, այնուամենայնիվ, ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ-«Ժառանգություն» քառյակը երեկ նախաձեռնեց «Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու հարցի վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի քննարկումն արտահերթ կարգով` ԱԺ հերթական քառօրյայի նիստում:

Եվ ահա երեկվա քննարկումների ժամանակ ոչ կոալիցիոն ուժերն անխնա քննադատության ենթարկեցին կառավարության այս նախաձեռնությունը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, թե 70 տոկոս աղքատության դեպքում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը կեղեքիչ վաշխառուական մոտեցում է: Իսկ ըստ Արծվիկ Մինասյանի` այստեղ կան ֆինանսական շուկայի ռիսկեր, ընդ որում, այդ ռիսկերն ու կազինոն շատ չեն տարբերվում: «Եթե իմաստը ժողովրդին կազինոյի խաղացող դարձնելն է, ապա սխալ նպատակ ենք հետապնդում: Չի կարելի կտրուկ քայլերի դիմել, չի կարելի արտագաղթի նոր պատճառի առիթ տալ»,-ասաց Մինասյանը` կոչ անելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցումը հետաձգել մեկ տարով:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ նշեց, թե անթույլատրելի է պարտադրանքը. «Իշխանությունը երիտասարդներին ասում է` դու չես հասկանում քո վաղվա օրվա համար ինչ պետք է անես, ես քեզ պարտադրում եմ… Ընդհանրապես պարտադրում են նրան, ով անմեղսունակ է, պարտադրանքով սրսկումներ են անում ջրծաղիկի, կարմրուկի, քութեշի համար, հասուն մարդուն պարտադրել որոշում կայացնել` իր ունեցվածքի, աշխատավարձի հետ կապված, չի կարելի, ուղղակի չի կարելի»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ նշեց, թե «շոկային թերապիայի» ռեֆորմներ իրեն կարող է թույլ տալ անցկացնել միայն այնպիսի իշխանությունը, որն օգտվում է ժողովրդի անվերապահ վստահությունից: Նա որպես օրինակ բերեց Լեհաստանի ոչ կոմունիստական առաջին կառավարությանը, Ելցինի իշխանությանը, նաեւ` ՀՀ-ում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հրանտ Բագրատյանի` ՀՀՇ կառավարությանը: Զուրաբյանը պատգամավորներին առաջարկեց ծափահարել նախկին վարչապետ, այժմ ԱԺ պատգամավոր Հ. Բագրատյանին, ով համարձակություն ունեցավ գնալ ռեֆորմների: Ըստ Զուրաբյանի՝ այսօրվա կառավարությունը ժողովրդի կողմից չի ընկալվում եւ համարվում է քաղաքացիներին թալանող, կեղեքող, ընտրությունները կեղծող ու ժողովրդի վրա կրակող վարչախումբ: Այս համատեքստում, ի դեպ, ուշագրավ խոստովանություն արեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը: Նա ասաց. «Հանրությունը ոչ թե կուտակայինին է դեմ, այլ մեզ է դեմ: Դա անվստահություն չէ նոր կենսաթոշակային համակարգի հանդեպ, դա անվստահություն է մեր հանդեպ»: Խոստովանենք` Հակոբ Հակոբյանի անկեղծությունն իրոք արժանի է գնահատանքի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս