Եզդի նորապսակները՝ օրենքի և ավանդույթի արանքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանի  հայտարարությունը, թե եզդիների ազգային օրենքներով թույլատրվում է աղջիկ փախցնել և ամուսնանալ, իրականությանը չի համպատասխանում:

Armlur.am-ի հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը՝ անդրադառնալով վերջերս երիտասարդ եզդու` Էդիկ Ազմանյանի կողմից անչափահասին փախցնելու ու դրա հետևանքով ազատազրկվելու դեպքին:

Շարոյանը մեզ հայտնեց, որ եզդիները ոչ թե ազգային օրենքներ ունեն, այլ՝ ավանդույթներ և սովորույթներ:

«Օրենքը Հայաստանի Հանրապետությանն է` ՀՀ բոլոր քաղաքացիների համար: Ես աշխարհում դեռևս չեմ հանդիպել այնպիսի դեպքի, որ որևէ երկրի կամ ազգային փոքրամասնության ավանդույթ թույլ տա առևանգում: Նման բան չկա նաև եզդիների մոտ: Ոչ մի օրենք և ավանդույթ թույլ չի տալիս առևանգում. դա մինիմում կամքի խախտում է: Սակայն սրան գումարած` մենք բոլորս էլ գիտենք, որ ամուսնությունն իրականացվում է փոխադարձ սիրո և հարգանքի հիման վրա, և այսպես է նաև եզդիների մոտ»,- ասաց Ամո Շարոյանը` հավելելով, որ վերոնշյալ դեպքում խախտվել է նաև ամուսնական տարիքը:

Այս ամենով հանդերձ՝ «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահը գտնում է, որ նշանակված պատիժը Ազմանյանի նկատմամբ չի համապատասխանում նրա կատարած արարքին: Շարոյանն առաջին հերթին հիշատակեց Ազմանյանի` նախկինում դատված չլինելը, և նրա ցանկացած արարք, ՀԿ նախագահի համոզմամբ, կրում է խիստ անձնական բնույթ:

«Այս պարագայում Ազմանյանը նման քայլի է դիմել ամուսնության նպատակով: Պատիժ պետք է նշանակվի, սակայն նրան հասարակությունից կտրելը սխալ է: Նա ազնիվ նպատակ է ունեցել` ընտանիք կազմել: Ինչ-որ նորմեր խախտել է, սակայն հասարակությունը նրա նկատմամբ պետք է ներողամիտ վարվի»,- ասաց Շարոյանը:

Վերջինս վստահ է, որ երիտասարդ եզդու` ուղղիչ հիմնարկում պատժի կրումը ո՛չ հասարակության համար օգտակար կլինի, ո՛չ կողմերին, ո՛չ էլ, առավել ևս, երիտասարդ նորակազմ ընտանիքին:

Վերջում Ամո Շարոյանը հույս հայտնեց, որ արդարություն կլինի, և Վճռաբեկ դատարանը Ազմանյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառի:

«Համոզված եմ, որ Վճռաբեկը թույլ կտա այդ մարդկանց ամուսնանալ և զավակներ ունենալ»,- եզրափակեց ՀԿ նախագահը:

Տաթև Հարությունյան




Լրահոս