Այսօր արդեն ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ 29 ցմահ դատապարտյալներ հացադուլ են հայտարարել` պահանջելով վաղաժամկետ պայմանական ազատման հնարավորություն:
Վերջին շրջանում ՀՀ ԱՆ գրեթե բոլոր ՔԿՀ մեկուսարանների դատապարտյալները, բողոքելով համակարգի աշխատանքից, դիմում են ծայրահեղ քայլերի:
Մասնավորապես, ինչպես իրականությունն է ցույց տալիս, պայմանական վաղաժամկետ ազատման շուրջ առաջացած խնդիրները դրդում են ազատազրկվածներին հացադուլի կամ ինքնավնասումների դիմել:
Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները հայտնեցին, որ ամենամեծ խնդիրը, որի առաջ կանգնում է ցանկացած դատապարտյալ, պայմանական վաղաժամկետ ազատման հարցն է:
Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանն Armlur.am-ին հայտնեց, որ մինչև 2011 թվականը ցմահ դատապարտյալների համար կար այսպիսի սահման՝ մինչև 15 տարի ազատազրկում` որպես ամենախիստ պատիժ և մահապատիժ կամ ցմահ ազատազրկում:
Թումանյանի խոսքերով` փոփոխությունները, որոնց համաձայն՝ 15 տարին դարձավ 20 տարի, որպես բարելավում սա չդիտարկվեց:
«Ցմահ դատապարտյալներն իրենց դժգոհությունն են հայտնում նաև այս մասով, որովհետև հնարավոր է, որ այս կարգավիճակում, նման պարագայում իրենք միանշանակ չէին լինի ցմահ դատապարտյալ կամ մահապատժի չէին դատապարտվի և դրա համար պահանջում են և ուզում են իրենց գործերի վերանայումը: Սակայն, հիմա հացադուլի հիմնական պատճառը արդարադատության նախարարության կողմից նախարարի կողմից պատասխան չտրամադրելն էր»,- ասաց ՄԻՊ խորհրդականը` տեղեկացնելով, որ դատապարտյալները նամակով դիմել էին ՀՀ արդարադատության նախարարին, որին այդպես էլ պատասխան չի տրվել: