Հուլիսի 3-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց որոշման մի նախագիծ, որով պետք է անհետաձգելի համարվեր որոշ շինարարական, նախագծային և հեղինակային հսկողության աշխատանքների և այդ աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների գնման կարգը: Պետք է թույլատրվեր նշված գնումներն իրականացնել «Գնումների մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ ենթակետին համապատասխան՝ բանակցային ընթացակարգով առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով:
Այդ առթիվ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի հայտարարություն արեց: Նա ընդգծեց, թե խնդիր կա գնումները մրցութային ընթացակարգերով կազմակերպելու հարցում: Վարչապետը հայտարարեց, որ վճռական է տրամադրված, որպեսզի հաջորդ տարվանից գնումները պարտադիր մրցութային կարգով անցկացվեն:
«Հաշվի առեք, որ հաջորդ տարվանից սկսելու ենք գնումներ անցկացնել միայն մրցութային կարգով: Եվ հատուկ դեպքերում, երբ իրոք կլինեն աղետներ ու այդ աղետների հետեւանքով հրատապ հարցեր, խնդիր չեմ տեսնում: Բայց մնացած բոլոր հարցերով պետք է մրցութային ընթացակարգը գործի: Եվ ֆինանսների նախարարությանը հանձնարարել ենք, զբաղվում են, հիմա բոլոր մրցութները պետք է անցկացվեն էլեկտրոնային համակարգով, որը նաեւ զերծ կպահի յուրաքանչյուր քննադատությունից»,- հայտարարեց վարչապետը: