Ի՞ՆՉ ԱՐՄԱՏՆԵՐ ՈՒՆԻ ՕԵԿ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՇԵՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրինաց երկիր» եւ Հայաստանի ագրարային համալսարան հողային վեճը շուտով կմտնի դատարան: Պարզվում է՝ հողատարածքը համալսարանին տվել է ՀՀ կառավարությունը, իսկ ՕԵԿ-ին՝ Երեւանի քաղաքապետարանը:

ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 27-ի թիվ 471 որոշումով՝ ՀՀ գյուղակադեմիան (այժմյան Ագրարային համալսարանը) ճանաչվել է որպես պետական ոչ առեւտրային կազմակերպություն եւ նրան ամրագրվել է գույք, հողատարածք: Բուհ-ի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանի ձեռքի տակ եղած փաստաթղթերում վիճահարույց տարածքը, որն իրենց նախկին ավտոսպասարկման կետն էր, նշված է որպես բուհի սեփականություն: Սակայն ՕԵԿ-ը 2004-ին դիմել է կառավարություն՝ խնդրելով բուհի տարածքից իրենց տրամադրել 520 քառակուսի մետր: Բուհն այդ ժամանակ տվել է իր համաձայնությունը, որտեղ կառուցվել է ՕԵԿ-ի շենքը: «Հետո դրան կից ապօրինի ավտոտնակ կառուցեցին, որը հետագայում Երեւանի քաղաքապետարանը ճանաչեց օրինական եւ հարակից տարածքի հետ միասին տվեց ՕԵԿ-ին: Մենք այդ մասին, բնական է, չգիտեինք, ինչո՞ւ, որովհետեւ որոշումը տրված էր իրենց, իրենք այդ մասին մեզ չէին ասել, մենք էլ քաղաքապետարանից նման որոշում չէինք ստացել, եւ այս մասին իմացանք, երբ որ այս տարի մայիսի 23-ից սկսեցին քանդել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց պրոռեկտոր Էֆենդյանը:
Այստեղ նկատենք, որ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` պետական ոչ առեւտրային կազմակերպությունն իրավունք չունի իրեն ամրագրված գույքը կամ հողատարածքն օտարել կամ անհատույց հանձնել: Նման իրավունք ունի միայն պետական ոչ առեւտրային կազմակերպության հիմնադիրը, այսինքն՝ ՀՀ կառավարությունը: Այսինքն՝ բուհ-ը չէր կարող առանց կառավարության թույլտվության համաձայնություն տալ հողատարածքի օգտագործման համար. դա պետք է արվեր միայն եւ միայն ՀՀ կառավարության որոշմամբ: Այս դեպքում ՕԵԿ-ն ու Գյուղակադեմիան փոխադարձ պայմանավորվածությամբ շրջանցել են ՀՀ կառավարությանը, իսկ քաղաքապետարանը, չգիտես ինչու, չի նկատել այս օրինախախտումը, որի արդյունքում ստեղծվել է այս իրավիճակը:
ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն էլ «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ «2008 թ. նոյեմբերի 18-ի որոշմամբ՝ Երեւանի քաղաքապետարանը հատկացրել է «Օրինաց երկիր» կուսակցությանը որպես համայնքային սեփականության տարածք, նույն ամսում պետռեգիստրը գրանցել է, որը վկայակոչում է, որ տարածքը մերն է, ու այդ տարածքի հետ կապված հաստատվել է ճարտարապետաշինարարական առաջադրանք, ինչպես նաեւ տվել է տարածքում քանդման աշխատանքներ իրականացնելու թույլտվություն: Իրենք վերագրանցվելով, 2013թ. դարձան համալսարան, նոր գրանցում իրականացնելուց հետո այս 262 քմ տարածքը հայտնվեց իրենց մոտ: Բայց մենք 2008 թ.-ից օգտագործում ենք այդ տարածքը, ինչո՞ւ չեն անդրադարձել այդ խնդրին, իսկ մենք ի՞նչ ենք անում, մեր դահլիճն ենք վերակառուցում: Ու քանի որ խոչընդոտում են, մենք դիմել ենք դատախազություն, հարուցվել է քրեական գործ, դիմել ենք կառավարություն, եւ հետեւողական ենք լինելու»:
Իսկ պրոռեկտոր Պարույր Էֆենդյանն էլ պնդում է. «Այդ տարածքը մեզ է տրված եղել կառավարության կողմից: Իսկ «Օրինաց երկիր»-ը քաղաքապետարանի միջոցով է վերցրել ու մեզ այդ մասին չի ասել: Եվ հիմա, քանի որ հարցը չի լուծվում, պետք է դիմենք դատարան»:
Նշենք, որ վիճահարույց այդ տարածքում ՕԵԿ-ը պատրաստվում է տեղակայել կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից գնված «Երեւան» հեռուստաընկերության նկարահանման ստուդիան:
Հիշեցնենք, որ օրինաց երկիր կառուցելու հայտ ներկայացրած կուսակցության ներկայիս գրասենյակը տարիներ առաջ եւս աղմուկով է կառուցվել: 28.09.2004թ. թիվ 1888ա որոշման համաձայն` Երեւանի Գյուղակադեմիայի երկու մասնաշենքի մեջտեղում գտնվող 520 քմ տարածքն անհատույց տրվել է ՕԵԿ-ին՝ գրասենյակ կառուցելու համար: Կուսակցության ղեկավարությունը սկզբում պայմանագիր է կնքել «Էպալ» ԲԲԸ-ի հետ, որն իրականացրել է շինության նախագծային աշխատանքը: Երբ Աժ նախագահի պաշտոնից Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց, մեկ ամիս հետո, 28.06.2006թ., որպես կատարված շինարարական աշխատանքների դիմաց վարձատրություն` ՕԵԿ ղեկավարությունը շենքի մեծ մասը` 1-ից մինչեւ 4-րդ եւ 7-րդ ու 8-րդ հարկերը՝ 2200,13 քմ ընդհանուր մակերեսով, նույն օրը ստորագրված թիվ 5932 նոտարիատի պայմանագրով որպես նվիրատվություն՝ սեփականության իրավունքով փոխանցեց «Ուրբան» ՍՊԸ-ին: ՕԵԿ գրասենյակին որպես սեփականություն փաստաթղթային ձեւակերպմամբ մնացին 5-րդ եւ 6-րդ հարկերը:
Բայց մի շտապեք եզրակացնել, թե Ա. Բաղդասարյանը բարեգործություն է արել: Կարճ ժամանակ անց պարզվեց, որ «Ուրբան» ՍՊԸ- ի (իրավաբանական հասցեն Բագրատունյաց 18-86) նախագահ Սերյոժա Արտավազդի Մխիթարյանը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի թիկնազորի պետ, նրա մորաքրոջ որդի Աբրահամ (Աբո) Ռուբենյանի աներն է: Տարիներ առաջ «168 ժամ»-ը գրեց, որ «հենց «Ուրբան» ՍՊԸ-ի միջոցով «լվացման են ենթարկվել» ՕԵԿ-ին պատկանող անհայտ ծագումով մեծ չափերի ֆինանսներ: Դրանք ներդնելով շինարարության մեջ, հետագայում ՕԵԿ ղեկավարությունը վախենալով, որ ՕԵԿ-ից հեռացված տարբեր գործարարներ, անհայտ անձինք եւ անդամներ կարող են պահանջել ՕԵԿ գրասենյակի շինարարության համար իր պարտադրանքով նախկինում հանգանակված գումարները, շենքն «ապահովագրել է»՝ տալով փաստացի իրենց պատկանող ՍՊԸ-ին»:
Բացի այդ, գրվեց նաեւ, որ օրինաց երկրի շինարարությունը եւս ընթացել է օրենքի մի շարք նորմերի ոտնահարմամբ: Բնականաբար, այդ ֆոնին չէր կարող անաղմուկ անցնել նաեւ ՕԵԿ գրասենյակի հարակից տարածքի շինարարությունը՝ առավելեւս, որ այն այդքան էլ իրենցը չէ:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս