Ներողություն ենք խնդրում հայ ժողովրդից. Արթուր Բաղդասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ 3 ամիս է անցել այն օրից, երբ «Օրինաց երկիր» կուսակցությունը դուրս է եկել քաղաքական կոալիցիայից, և այս ժամանակը նրանց համար բավական է եղել տարբեր վերլուծություններ անելու և հանդիպումներ ունենալու համար:  Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

«6 տարի շարունակ լինելով իշխանության մեջ՝ ՕԵԿ-ն ունեցել է իր պատասխանատվության բաժինը: Մենք գտնոմ ենք, որ մեր մոտեցումները մասնակիորեն կարողացել ենք բերել իշխանություններին, սակայն մեծ մասն էլ չի եղել, և այդ դրդապատճառները առիթ դարձան կոալիցիայից դուրս գալու», – ասաց նա՝ ներկայացնելով 5 կետ, որոնք էլ էական նշանակություն են ունեցել իրենց որոշման վրա:

Նրա խոսքով` Հայաստանում ձևավորվել է միահեծան իշխանական համակարգ, և իրական կոալիցիաների բացակայությունը հնարավորություն չի տալիս համագործակցել:

Բաղդասարյանն առաջարկում է արդիականացնել քաղաքական օրակարգը, անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Նրա խոսքով` Հայաստանում պետք է ընտրություններն անցնեն բաց, թափանցիկ:

ՕԵԿ առաջնորդը հայտարարեց, որ քաղաքական ուժերի հետ պայմանավորվածություն կա, որ  սեպտեմբերին ձևավորվի աշխատանքային խումբ այս հարցերով, որը, ըստ Բաղդասարյանի, զերծ կլինի շահարկումներից:

«Դիմել ենք վարչական դատարան և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` վերանայելու համար էլեկտրաէներգիայի և գազի սակագները», – նշեց նա:

Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք լինելու են համառ, հետևողական և պատասխանատու: «Մենք ունեցել ենք մեր սխալներն ու թերությունները, որի համար ներողություն ենք խնդրում հայ ժողովրդից», – եզրափակեց ՕԵԿ առաջնորդը:




Լրահոս