50 ՏԱՐԻՆ ՉՈՔԵՑ ԴՈՒՌՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իշխանական մեծ գաղտնիք է բացահայտել: Նա հայտնել է, թե երբ է ՀՀԿ-ն պատրաստվում հեռանալ իշխանությունից: «Երբ լուծվի Արցախի խնդիրը, երբ Հայաստանը զարգացման հունի մեջ մտնի ու սկսի զարգանալ, այդ ժամանակ էլ ՀՀԿ-ն կհեռանա իշխանությունից»,-բացատրել է Գրիգորիչը: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է, թե երբ կգա այդ օրը: Ըստ Գալուստ Սահակյանի՝ «մի 50 տարի էլ սպասե՛ք…»: Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ ՀՀԿ փոխնախագահը խոստովանել է, թե ինչու են ՀՀ իշխանությունները շարունակում երկիրը պահել թշվառ եւ ծանր վիճակում. որպեսզի իրենց մեթոդներով եւս 50 տարի իշխեն ժողովրդին:

 

 

 

Մաքսային միությանն (ՄՄ) անդամակցելու դեպքում Հայաստանում կտրուկ կբարձրանան մի շարք ապրանքատեսակների գները, այդ թվում եւ՝ առաջին անհրաժեշտության մթերքների՝ ձեթի, շաքարավազի, թռչնամսի: Այդ փաստը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը` ասելով. «Այո՛, դա հնարավոր սցենար է, եւ դրանք սպասվող վնասներն են»: Սակայն նա նաեւ հավելել է, թե ՄՄ-ին անդամակցելու օգուտները կգերազանցեն սպասվող վնասները: Նախարարը երեկ նշել է, թե ամբողջովին կանխատեսելի չեն ՄՄ-ի ռիսկերն ու խոչընդոտները. «Դեռ չի երեւում, թե ՄՄ-ին անդամակցելու դեպքում ինչը կարող է հիմնական խոչընդոտ լինել»: Այլ կերպ ասած՝ Հայաստանը գնում է մի ուղղությամբ, որն անհայտ է նաեւ իշխանությունների համար. փոխարենը, սակայն, Սերժ Սարգսյանը հնարավորություն է ստանում մի փոքր էլ երկարաձգել իր պաշտոնավարման ժամկետը:

 

 

 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան շուրջ պտտվող բիզնես հակումների մասին պատմությունները վերջ չունեն: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ամիսներ առաջ, երբ Տ. Սարգսյանն այցելել է «Կիլիկիա» գարեջրի գործարան՝ ծանոթանալու աշխատանքին ու այնտեղ առկա խնդիրներին, հետաքրքիր զրույց է ունեցել: Ականատեսներից շատերն ամիսներ անց սկսել են բարձրաձայնել այդ մասին: Եվ ահա «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ երբ գործարանի սեփականատերերից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն ու Աշոտ Բաղդասարյանը ներկայացրել են գործարանում առկա բազում խնդիրները, վարչապետն այսպիսի հարց է տվել. «Եթե չլուծվեն դրանք, կվաճառեք, կհեռանա՞ք»: Պատասխանը եղել է գրեթե դրական: Այստեղ Տ. Սարգսյանը հետաքրքրվել է, թե սեփականատերերն ինչքան կգնահատեն գործարանի կապիտալը՝ կիսակատակ առաջարկելով կես գնով վաճառելու դեպքում խոստանալ, որ առաջինն իրեն կտեղեկացնեն: Հ. Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց վարչապետի այցի մասին լուրը՝ հերքելով զրույցի մասին մեզ հասած տեղեկությունները:

 

 

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Տաթեւեր» ճոպանուղի հաճախող զբոսաշրջիկներին եւ քաղաքացիներին առ այսօր դեռ չի հաջողվել վայելել 170 հազար դոլարանոց «էլիտար» զուգարանում կարիքները հոգալու բերկրանքը, քանի որ բիոզուգարանն իր բուն նպատակին ծառայելու փոխարեն վերածվել է պատմական հուշարձանի: «Ժողովուրդ»-ը Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանից հետաքրքրվեց՝ ի վերջո, բիոզուգարանն աշխատում է, թե ոչ. «Ես դեռ իմ վերջին խոսքին եմ: Չի աշխատել ու չի աշխատելու: Բազմիցս փորձել են սարքել, բայց չի ստացվել: Ես խնդրում եմ կառավարությունից՝ գան, տանեն, պրծնենք»: Հիշեցնենք, որ 2012թ. ՀՀ կառավարությունը պետբյուջեից 124 մլն դրամ էր հատկացրել 2 բիոզուգարան Հայաստան բերելու համար: Դրանցից մեկը գտնվում է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ, իսկ մյուսը՝ «Տաթեւեր» ճոպանուղու մոտ: Ի դեպ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ գտնվող բիոզուգարանն էլ չի աշխատում:




Լրահոս