Հայոց ցեղասպանության ականատես, նորվեգացի մի միսիոների օրագիր է գտնվել իր թոռան ձեղնահարկում: Ըստ Asbarez-ի` այս մասին հայտնել է Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը` Գլենդելի հանրային գրադարանում կայացած քննարկման ժամանակ: Նրա խոսքերով, օրագիրը շուտով կբերվի Հայաստան և կպահվի Հայոց ցեղասպանության թանգարանում: Հայկ Դեմոյանը հանդիպումներ է ունենում ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու 2015թ-ին ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Նշված հանդիպման ընթացքում Դեմոյանն անդրադարձել է թանգարանի` Հայոց ցեղասպանությանը վերաբերող վերջին հրապարակումներին, որոնք ընդգրկում են վերապրած անձանց հուշերը, ականատեսների հաշվետվությունները, հազվագյուտ աղբյուրների վերահրապարակված հրատարակությունները, նոր բացահայտված փաստաթղթերի ժողովածուները, ինչպես նաև 1909թ-ի Կիլիկիայի կոտորածների մասին աշխատություններ: “Թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունը ոչ միայն մարդկության դեմ գործած ցեղասպանություն է, այլև մշակութային ցեղասպանություն, որը, սակայն, չի կոտրել գիրք սիրող ազգի ոգին”,- ասել է Հայկ Դեմոյանը: Գլենդելի հանրային գրադարանում բացվել էր ցուցահանդես` նվիրված Հայոց տպագրության 500-ամյակին: Ներկայացված են 17 և 18-րդ դարերի բացառիկ հրապարակումները` բերված Արարատ-Էսքիջյան թանգարանից և մասնավոր հավաքածուներից, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարանի վերջին հրապարակումները: Հանդիպման ժամանակ Դեմոյանն ասել է, որ թանգարանը պատրաստվում է հրապարակել մի շարք գրքեր և թողարկել դրանց էլեկտրոնային տարբերակները` շարունակելով գրատպության` դարերով եկած ավանդույթները: Թանգարանի տնօրենի խոսքերով, անկախ այն փաստից, որ Թուրքիան օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները ժխտելու Հայոց ցեղասպանությունը, նոր ապացույցներ են ի հայտ գալիս ապացուցելու այդ հանցագործությունը: Շուտով նորվեգացի ականատեսի օրագիրը թարգմանվելու է հայերեն:
Գտնվել է Հայոց ցեղասպանության ականատես նորվեգացի միսիոների օրագիրը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ