Եթե քաղաքական դաշտի հիմնական կուսակցությունները գոնե հստակեցրել են, թե ով է լինելու իրենց համամասնական ցուցակի առաջին համարը, ապա ՀՅԴ-ի դեպքում նույնիսկ այս հարցում չկա որոշում: ՀՅԴ Գերագույն մարմնում դեռեւս շարունակվում են քննարկումները ե՛ւ համամասնական, ե՛ւ մեծամասնական ցուցակների շուրջ:
Այս իրավիճակը հետեւանքն է այն բանի, որ ՀՅԴ-ն չունի հստակ լիդեր, կուսակցության նախագահ, այլ ղեկավարվում է ընկերվարական սկզբունքներով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ցուցակը գլխավորելու հավակնություն ունեն ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ու Հրանտ Մարգարյանը: ՀՅԴ ցուցակը Մարգարյանի կողմից գլխավորելու գաղափարն այնքան էլ խանդավառությամբ չեն ընդունում կուսակցությունում: Բանն այն է, որ վերջերս Մարգարյանի խոստովանությունը, թե ինքը պարբերաբար հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ, ստվեր է գցել այդ կուսակցության վրա եւ հասարակության մեջ կասկածներ հարուցել ՀՅԴ-ի` ընդդիմադիր լինելու մեջ: Բայց քանի որ մյուս կողմից ՀՅԴ-ն, որ ցանկանում է ընդդիմադիր կեցվածքով հանդես գալ, ստիպված է համամասնական ցուցակում չընդգրկել Մարգարյանին (նշվում է նաեւ, որ ինքը չի էլ ցանկանում), հետեւաբար ՀՅԴ ցուցակը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի հենց Վահան Հովհաննիսյանը, որը նաեւ այս կուսակցության նախագահի թեկնածուն է եղել 2008թ.:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ պնդում էր, որ ինքը չի մասնակցում ցուցակի քննարկման աշխատանքներին: «Չեմ կարող ասել, թե ովքեր կլինեն ցուցակում: Դեռ ոչ մեկը չգիտի: Քանի դեռ հաստատված չէ, ոչ մեկը չգիտի: Հիմա քննարկումներ են գնում»,-ասաց Շահբազյանը: Ըստ նրա` այդ քննարկումներում ընդգրկված են նաեւ ՀՅԴ մարզային կառույցները, եւ ԳՄ-ն հաշվի կառնի նաեւ այս հանգամանքը: ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քննարկումները հավանաբար հենց այս շաբաթ էլ կավարտվեն. ՀՅԴ ԳՄ-ն պատրաստվում է այսօր կամ վաղը վերջնական նիստ հրավիրել: «Կարծում եմ` այս շաբաթվա վերջ արդեն կհրապարակենք ցուցակը»,-ասաց Սեյրանյանը` հավելելով, որ չեն թողնի վերջին օրվան: Թե ինչ սկզբունքներով են կազմելու համամասնական ընտրացուցակը, Արտյուշա Շահբազյանն ասաց. «Ովքեր օգտակար կարող են լինել այս աշխատանքի մեջ, ովքեր զբաղված չեն ավելի կարեւոր աշխատանքների մեջ…»:
Ինչ վերաբերում է ՀՅԴ մեծամասնական առաջադրումներին, ապա ՀՅԴ-ում նախնական որոշում կա` առաջադրումներ անել միայն մարզերում: Թե կոնկրետ քանի ընտրատարածքի մասին է խոսքը, պաշտոնապես չհաջողվեց ճշտել: Արտյուշա Շահբազյանը պնդում էր. «Այսօր նման որոշում չկա. մարդիկ խորհրդակցում են, առաջարկներ են անում, քննարկում են, նայում են նպատակահարմարությանը»: Փոխարենը ՀՅԴ ԳՄ անդամ Արա Նռանյանը հաստատեց, որ այս պահին իրենք Երեւանի ընտրատարածքներում չեն պատրաստվում թեկնածուներ առաջադրել: «Մեծամասնական ընտրակարգով ՀՅԴ-ն անպայման կառաջադրի թեկնածուներ, բայց մարզերում: Ինչ վերաբերում է Երեւանին, ապա, ամենայն հավանականությամբ, մայրաքաղաքում չենք ունենա թեկնածուներ: Բայց սա դեռ վերջնական որոշում չէ: Ամեն ինչ վերջնական պարզ կդառնա այս շաբաթվա ընթացքում»,-ասաց նա, սակայն չմանրամասնեց` կոնկրետ ով որտեղ է առաջադրվելու:
Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, սակայն, ՀՅԴ-ն մեծամասնական ընտրակարգով կունենա մոտ 10 թեկնածու: Ամենայն հավանականությամբ, առաջադրումները կլինեն Արարատի, Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերում: Թեկնածուները, սակայն, ոչ թե ՀՅԴ-ի հայտնի գործիչներից կլինեն, այլ հիմնականում տեղի կառույցների ղեկավարները: Միակ հայտնի թեկնածուն ԱԺ գործող պատգամավոր Արայիկ Գրիգորյանն է` «Ավշար»-ի գործարանի սեփականատերը, որն էլ համարվում է ՀՅԴ-ի միակ անցողիկ թեկնածուն: Իսկ մյուսներն առաջադրվելու են ավելի շուտ մարզերում՝ ՀՅԴ համամասնական ցուցակին ձայն բերելու տրամաբանությամբ:
ՀՅԴ-Ն ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ