ԱՄԲՈՂՋ ԸՆՏԱՆԻՔԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Առատաշեն գյուղի բնակիչ Արման Սահակյանի նկատմամբ ոստիկանությունում բռնի ուժ է կիրառվել, նրան ստիպել են խոստովանել, որ ավազակային հարձակման մասին տեղյակ է եղել, սակայն իրավապահ մարմիններին չի հայտնել: Մեկ ժամ հետո ոստիկանության բաժին բերման են ենթարկել նրա կնոջը, մանկահասակ երեխաներին եւ մորը` կրկին «հորդորելով» գրել, որ իրենք եւս տեղյակ են եղել, որ Արմանի ընկերներն ավազակային հարձակման են գնացել:
«Ժողովուրդ»-ը զրուցել է Արման Սահակյանի պաշտպան Գարիկ Մալխասյանի հետ` պարզելու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել: 2010թ. հոկտեմբերի 22-ին Արման Սահակյանն ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի իր տանից բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով` հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
«Գրիբոյեդով գյուղում ավազակային հարձակում է տեղի ունեցել, 4 դիմակավորված անձ մտել են մի բնակարան եւ փորձել գույք հափշտակել, սակայն տան աղջիկը զանգահարել է ոստիկանություն, իսկ գողերին չի հաջողվել գողություն կատարել: Դրանից հետո առանց հիմքի բերման են ենթարկում Արթուր Շահբազյանին` գործով մյուս մեղադրյալին, եւ Արման Սահակյանին` նշելով, թե տեղյակ եք եղել, որ նման հարձակում է լինելու, ու չեք տեղեկացրել ոստիկանությանը: Նման բան են ասում, որովհետեւ նրա հարազատների ցուցմունքներում արձանագրված է, որ իրենց տանը Արմանի ընկերներն ասել են` միասին գնանք ավազակային հարձակման, բայց ինքը հրաժարվել է եւ տեղեկանալով հանցագործության մասին` ոստիկանությանը  չի հայտնել»,-նշեց Մալխասյանը:
 Արմանի պաշտպանից տեղեկացանք, որ նրա հետ ոստիկանություն են բերվել նաեւ նրա մայրը` Էլմիրա Սահակյանը, եւ անչափահաս քույրը` Հայաստան Սահակյանը: Իսկ մի քանի ժամ անց ոստիկանություն է բերվել նաեւ Արմանի կինը` Մերի Ծատուրյանը, մանկահասակ երկու երեխաների` 2 տարեկան տղայի եւ 40 օրական դստեր հետ, ինչպես նաեւ Արման Սահակյանի կնոջ քույրը` Մարիամ Ծատուրյանը: «Գործը հիմա երկու փուլով է ընթանում: Հիմնական գործը, որով մեղադրում են պաշտպանյալիս, դատարանում է գտնվում: Խնդիրն այն է, որ իմ պաշտպանյալին ապօրինի հարցաքննել են` որպես վկա, երկար ժամանակով ազատությունից զրկել են: Իմ պաշտպանյալը եւ նրա հարազատներն ասում են, որ ոստիկանությունում բռնություն են կիրառել` Արմանին ծեծել են, վատ են վերաբերվել մոր, քրոջ եւ կնոջ հետ, սպառնացել են, թե ձեր տղային կդատենք, պետք է ասեք, որ ձեր տանը նման խոսակցություն է եղել, եւ դուք տեղյակ եք եղել այդ ավազակային հարձակումից»,-նշեց Մալխասյանը:
Նա նաեւ հավելեց, որ հարցաքննությունների արձանագրություններում անգամ շատ հակասական բաներ կան: Տեղեկացանք, որ Արման Սահակյանը նույն օրը ձերբակալվել է, իսկ հոկտեմբերի 25-ին ազատ արձակվել:
Ի դեպ, նախաքննության ընթացքում Արման Սահակյանը եւ նրա ընտանիքի անդամները դիմումներ են հասցեագրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին` հայտնելով, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնում իրենց նկատմամբ կիրառվել է ֆիզիկական եւ հոգեբանական բռնություն, ինչի ազդեցության տակ իրենք տվել են իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Նշված դիմումներն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժանմունք: Իսկ ներկա պահին Սահակյանի քրեական գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
«Այսքանից հետո որեւէ պատշաճ քննություն չի անցկացվել, ծառայողական քննություն է անցկացվել, սակայն որեւէ արդյունք չի եղել: Երբ դատարանում  հարց բարձրացվեց, որ բռնություն է կիրառվել Արմանի եւ նրա  հարազատների նկատմամբ, հասանք նրան, որ ՀՔԾ-ում հաղորդում տվեցին, որ այդպիսի բռնություններ են տեղի ունեցել, որպեսզի այդ ուղղությամբ պատշաճ քննություն իրականացվի: ՀՔԾ-ում պատշաճ քննություն չի իրականացվել, եւ մենք բողոքել ենք արդեն: Բայց այժմ իմ պաշտպանյալին մեղադրում են, որ ինքը սուտ մատնություն է կատարել ոստիկանների նկատմամբ` ասելով, որ իրեն ծեծել են, բայց մենք բազմաթիվ փաստեր ունենք, ունենք նաեւ այն փաստաթուղթը, որ ինքը բուժօգնության է դիմել»,-նշեց Արմանի պաշտպանը: Նա ընդգծեց, որ սա շատ վատ նախադեպ կարող է հանդիսանալ, քանի որ երբ ոստիկանության բաժնում քաղաքացին բռնության ենթարկվի, կվախենա բարձրաձայնել` մտածելով, որ սուտ մատնություն հոդվածով քրեական գործ կհարուցեն իր դեմ:
Դատական գործընթացը շարունակվում է, հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 20-ին` ժամը 11:30-ին:




Լրահոս