ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԺԳՈՀԵԼՈՎ «ԱՏԱՄ» Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինական Clarin պարբերականին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը մի քանի սկանդալային հայտարարություններ է արել: 2013թ. սեպտեմբերի 3-ից` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին հայտարարելուց հետո, թերեւս առաջին անգամ Սերժ Սարգսյանը փորձում է Ռուսաստանին «ատամ» ցույց տալ:

Նախ` Սերժ Սարգսյանը չի բացառել Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը: «Մենք չենք բացառում ռազմական գործողությունների վերսկսումը: Սակայն ես կարծում եմ, որ Ադրբեջանը նման գործողությունների հնարավորություն չունի: Նրանք իսկապես մեծ գումարներ են ծախսում ռազմական տեխնիկա եւ սպառազինություններ գնելու վրա, սակայն դա հաղթանակ չի երաշխավորի»: Այնուհետեւ, պատասխանելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին մոտ 2 մլրդ դոլարի զենք վաճառելու հարցին, Ս.Սարգսյանն ասել է. «Մեզ համար դա ցավոտ թեմա է, իսկ մեր ժողովուրդը շատ է մտահոգված այն փաստով, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին: Սակայն ես վստահ եմ, որ Հայաստանը բավականաչափ խելք եւ ուժ ունի, որպեսզի պաշտպանի իր սահմանները: Չնայած նրան, որ Ռուսաստանը Բաքվին զենք է վաճառում, նա հանձն կառնի իր ստանձնած պարտավորությունները»:
ՌԴ-ն առաջին տարին չէ, որ հարձակողական զենք է վաճառում Ադրբեջանին, այս խնդիրը կա տարիներ շարունակ: Բայց Սերժ Սարգսյանն այս ողջ ընթացքում երբեւէ բարձրաձայն մտահոգություն չի հայտնել ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու կապակցությամբ: Նա այդ մասին չի խոսել անգամ այն ժամանակ, երբ եվրաինտեգրացիայի երդվյալ կողմնակից էր ու երբեմն փորձում էր տպավորություն ստեղծել, թե ուզում է ազատվել Ռուսաստանի ազդեցությունից: Ընդհակառակը, 2010թ. սեպտեմբերին Ուկրաինական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է տառացիորեն հետեւյալը. «Հայաստանը չի կարող Ռուսաստանին մեղադրել Ադրբեջանին զենք մատակարարելու համար: Այն, որ Ադրբեջանը Ռուսաստանից զենք է ձեռք բերում, մեզ համար նորություն չէ, բայց Հայաստանը չի կարող մեղադրել Ռուսաստանին դրա համար, իհարկե մենք կարող ենք դժգոհել, դա մեր գործն է, բայց մեղադրելը սխալ է»:
Մինչդեռ հիմա, երբ Սերժ Սարգսյանը ցանկանում է օր առաջ Հայաստանը տանել ԵՏՄ, հրապարակավ «ատամ է ցույց տալիս» Ռուսաստանին: Այն էլ` այդ մասին խոսում է Հարավային Ամերիկա այցի ժամանակ: Նման պահվածքն ամենեւին էլ պատահական չէ եւ անուղղակի կերպով մատնում է Սերժ Սարգսյանի եւ ՌԴ իշխանությունների միջեւ ստեղծված խնդիրների մասին: Ի վերջո, անընդհատ ձգձգվում է ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին, ընդ որում` ակնհայտ է, որ ՌԴ-ն Հայաստանի հետ բանակցություններում մի շարք հարցերի շուրջ մտադիր չէ գնալ զիջումների: Խոսքը վերաբերում է հատկապես մաքսատուրքերի դրույքաչափերին, որոնց շուրջ հնարավոր համաձայնություն այդպես էլ չի կայանում: Ի դեպ, երեկ էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, խոսելով ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության ձգձգման մասին, ասել է, թե ՀՀ-ն իր առջեւ դրված պարտավորությունները կատարել է, իսկ գործընթացի հետաձգման պատճառների մասին կկարողանան խոսել միայն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ Սոչիում հանդիպումից հետո:
Մյուս կողմից՝ ԼՂ խնդրի շուրջ գնալով ուժգնանում է ճնշումը, հատկապես Հայաստանի վրա: Տեւական ժամանակ է` ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական, այլեւ արդեն հայ-ադրբեջանական սահմանի շփման կետերում հրադադարի ռեժիմի խախտումները դարձել են պարբերական երեւույթ: Ընդ որում, գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ այս կրակոցները պատահական չեն, այլ` այսպես հարմար առիթ է ստեղծվում, որպեսզի գերտերությունները պատերազմի սպառնալիքը կանխելու անվան տակ զորքեր տեղակայեն հակամարտության գոտում: Ի վերջո, դժվար չէ կռահել, թե առաջիկայում ինչպես կարձագանքի ՌԴ-ն Սերժ Սարգսյանի այս քայլերին, դժվար է միայն կռահել, թե այս խոսքերի համար ինչո՞վ է պատասխան տալու նա. Որոտանի հէ՞կ-ն է զիջելու, թե՞ մեկ այլ կարեւոր օբյեկտ:
Այս հարցազրույցում նաեւ մեկ այլ ուշագրավ դրվագ կա. պատասխանելով հարցին, թե ովքեր են հրավիրվել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին՝ Ս.Սարգսյանն ասել է. «Հրավերքներ ուղարկվել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր պետությունների ղեկավարներին»: Նշենք նաեւ, որ այս տարվա մայիսի 27-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ընդլայնված նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին եւ առերեսվելու Հայոց ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»: Իհարկե, Թուրքիան չի ճանաչել ցեղասպանությունը, բայց հուսով ենք, որ դա թյուրըմբռնման տեղիք չի տա լատինաամերիկյան ընթերցողների մոտ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս