Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Ամբաստանյալներ Մկրտչյանի, Մարգարյանի և Առաքելյանի պաշտպանը հայտնեց, որ իր վստահորդները ցանկություն են հայտնել ևս մեկ պաշտպանի՝ Տիգրան Գալստյանին ներգրավել գործի մեջ, ինչը հաստատեցին նաև նշված ամբաստանյալները:
Ապա Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ ցանկանում է հրաժարվել իր պաշտպանի ծառայություններից և իր շահերն այսուհետ ինքն է պաշտպանելու:
Ապա դատարանը պարզաբանեց, որ քանի որ պաշտպան Պետրոսյանը նաև Շահեն Հարությունյանի փաստաբանն է, օրենքի համաձայն` Շահեն Հարությունյանն առանց պաշտպանի չի կարող մնալ:
«Պարոն Զաքարյան, կարո՞ղ եք մի տաս օր պաշտպանել Շահենին»,- հարցրեց Շանթ Հարությունյանը, ինչին ի պատասխան՝ Արա Զաքարյանը հայտարարեց, որ ինքն իր դիրքորոշումն արդեն հայտնել է և ինքնաբացարկ հայտնելու անհրաժեշտություն չկա:
Դատարանը որոշեց փաստաբան Արա Զաքարյանին ներգրավվել` որպես Շահեն Հարությունյանի շահերի պաշտպան:
Դատարանն արձանագրեց, որ ամբաստանյալ Վարդան Վարդանյանն էլ հրաժարվեց պաշտպանի ծառայություններից, ով ասաց, թե ինքն ու Շանթ Հարությունյանը իրար կպաշտպանեն:
Ապա Շանթ Հարությունյանը ելույթ ունեցավ հայտարությամբ` դիմելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
«Տարո՛ն ջան, մի՛ կատարիր բոլոր դավաճանների հրամանները, մի՛ տեղադրիր Միկոյանի արձանը: Սրիկա է նա, ով ուրիշի որդուն մի խրատ է տալիս, իր որդուն` մեկ այլ խրատ: Հուսով եմ, որ Անդրանիկ Մարգարյանի անունը քո մեջ ջուր չի դառնա»,- ասաց Շանթ Հարությունյանը:
Իսկ ամբաստանյալ Վարդանյանն էլ իր խոսքում ցավակցություն հայտնեց ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամների կրակոցից տուժած հայկական բանակի մայորի մահվան կապակցությամբ և իր զորակցությունը հայտնեց վիրավորված Կարինե Դավթյանի հարազատներին:
«Հիմա ուզւոմ եմ անդրադառնալ ՄԻՊ-ի գրավոր դիմումին, որում ասվում է, որ թղթերը կորել են: Ո՞նց կարա մարդու թուղթը կորչի, հետո էլ մի անգամ նորից կորչի: Մեկ էլ գրել են՝ համապատասխան աշխատակիցը կզբաղվի գործերով: Կասե՞ք` ի՞նչ ա նշանակում համապատասխան աշխատակից: Անուն չունի՞, պաշտոն չունի՞: Որ թուղը նորից չկորչի, ասեցի տամ ձեզ»,- ասաց ամբասանյալը` դիմելով նախագահողին: