ԴԱՀԿ նոր օրենքից բողոքողները պետք է սպասեն մինչև նոյեմբեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. սկզբից ուժի մեջ էն մտել «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում կատարված փոփոխությունները: Այս փոփոխություններն առաջին հերթին անդրադարձել են մեքենա վարողների վրա: Այս փոփոխությամբ  ոստիկանությունն առանց դատարան դիմելու` ԴԱՀԿ ծառայության միջոցով բռնագանձում է տուգանքների գումարները վարորդների հաշիվներից:

Կառավարության հուլիսի 17-ի նիստում  քննարկվեց ՕԵԿ պատգամավորների առաջարկած օրենսդրական փոփոխությունը: Նրանք առաջարկում են հրաժարվել դրույթից, որով ԴԱՀԿ-ն առանց դատարանի որոշման կարող է կալանքի տակ առնել քաղաքացիների հաշիվները և բռնագանձել գումարը, քանի որ այն խախտում է ՀՀ քաղաքացիների իրավունքները:

Արդարադատության նախարարությունը կառավարության եզրակացության մեջ նշել է. «Մեր կարծիքով գործող իրավակարգավորումն իրավաչափ է, քանի որ անձից պահանջվում է կատարել այն, ինչը վերջինս արդեն իսկ պարտավոր էր կատարել օրենքի ուժով: Հետևաբար, այս դեպքում հանրային իրավական դրամական պահանջների արտադատական կարգով կատարումը լիովին բավարար է, քանի որ նույնիսկ այս դեպքում պահպանվում է անձի իրավունքը ցանկության դեպքում վիճարկելու դրամական պահանջի հիմքում դրված վարչական ակտը:

Ինչ վերաբերում է նախագծի հիմնավորման մեջ ներկայացված այն դիրքորոշմանը, որ «2013 թվականին ընդունված նախագծերի փաթեթը հնարավորություն է ընձեռել հարկային և տեղական ինքնակառավարման մարմիններին առանց դատարանի որոշման Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով բռնագանձում իրականացնել քաղաքացիների սեփականության նկատմամբ, որի հետևանքով խախտվում է Հայաստանի Հանրապետության Սահմանդրության 31-րդ հոդվածով ամրագրված քաղաքացիների սեփականության իրավունքը, ապա այդ առումով հայտնում ենք, որ սահմանադրական իրավունքը, ըստ էության, չի պաշտպանում անձի ձեռքբերումները, եթե նա խախտել է իր սահմանադրական պարտականությունը, որն ամրագրված է Սահմանադրության 45-րդ հոդվածում` հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ կատարելու վերաբերյալ»:

Կառավարությունը տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանում առկա է մարդու իրավունքների պաշտպանի դիմումը: Նշենք, որ այս հարցի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում կատարված փոփոխությունները:

Իր եզրակացության մեջ կառավարությունն օրենսդրական նախաձեռնության հեղինակներին առաջարկում է «առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումից և դրան անդրադառնալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումից հետո»:

Ուշագրավն այն է, որ Սահմանադրական դատարանն արդեն նշանակել է դատական նիստի օրը, և դա կլինի նոյեմբերի 25-ին միայն: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիները պետք է սպասեն մինչև այդ օրը:




Լրահոս