ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳԵՆԵՐԱԼԻ ԾՆՈՒՆԴԸ ՏՈՆ Է
Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գեներալ Մանվել Գրիգորյանը Էջմիածնի «Վան» ռեստորանային համալիրում նշել է իր 58-ամյակը: Գեներալի օգնական Վարդան Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրականում Մ. Գրիգորյանի ծննդյան օրը հուլիսի 14-ն է: «Նա հուլիսի 14-ին իր ընտանիքի հետ իրենց տանը նշել է: Բայց քանի որ «Երկրապահ» կամավորական միության անդամները համարում են, որ իր ծննդյան օրը տոն է, այդ պատճառով էլ նրանք որոշել են այն այսօր կազմակերպել»,-լրացրեց օգնականը՝ խուսափելով նշել, թե ովքեր կան հրավիրվածների ցանկում: Ավելի ուշ, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ծննդյան արարողությանը հրավիրված են եղել Մանվել Գրիգորյանի ազգականները, մարտական ընկերները եւ քաղաքական վերնախավը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Հրավիրվածների մեջ են եղել նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւ այլք:

ԳԵՂԱՄՅԱՆՆ ԷԼ Է ՄՏԱՀՈԳ
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքի վաճառքից Սերժ Սարգսյանի մտահոգությունից հետո, երեկ մտահոգված էր անգամ իր ռուսամետությամբ հայտնի Արտաշես Գեղամյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գեղամյանն ասաց, թե առաջիկա օրերին ռուսական հեղինակավոր ինտերնետային լրատվամիջոցներից մեկում կհրապարակվի այդ մասին իր հարցազրույցը: «Ինչ խոսք, ես հանրապետության նախագահի եւ պաշտպանության նախարարի արտահայտած մտահոգությունները կիսում եմ»,-ասաց Գեղամյանը: Իսկ հարցին՝ ինչու նախկինում Սերժ Սարգսյանը մտահոգություն չէր հայտնում, Գեղամյանը նշեց. «Քաղաքական լիդերը ցանկացած հարցի պատասխան է տալիս, երբ գտնում է, որ դրա ժամանակը եկել է: Կնշանակի` այսօր դրա ժամանակը եկել է»: Միայն թե, այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչ է փոխվել այս ընթացքում եւ ինչ ժամանակ է եկել:

5 ՏԱՐՈՎ ԿՆՇԱՆԱԿՎԻ
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր առաջիկա նիստում հաստատելու է «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնում Դավիթ Մուրադյանի ընտրության արդյունքները: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Դավիթ Մուրադյանի հետ կկնքի աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ 2014 թվականի ապրիլի 11-ից «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնակատար էր նշանակվել Դավիթ Մուրադյանը` մինչեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:

 




Լրահոս