Եվ այսպես` երեկ Մոսկվայում Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստում Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները հայտարարություն են ստորագրել Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածությանը ՀՀ-ի միանալու միջոցառումների ծրագրի կամ այսպես կոչված` «ճանապարհային քարտեզի» մասին: Դրանից առաջ, սակայն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ Ղազախստանը պատրաստ է ստորագրել հայտարարությունը, բայց` հատուկ կարծիքով. «Մաքսային միության սահմանի հարցը, թե որտեղով այն պետք է անցնի Հայաստանում, կապված ԼՂ հակամարտության հետ, բաց է մնում: Այդ իսկ պատճառով մենք մեր գործընկերների հետ կստորագրենք «Ճանապարհային քարտեզը», սակայն հատուկ կարծիքով հանդերձ»,-հայտարարել է Նազարբաեւը` հույս հայտնելով, որ «փաստաթղթի համաձայնեցման ընթացքում փորձագետները այս հարցի որոշումը կգտնեն»:
Այսպիսով` ինչպե՞ս կարելի է գնահատել այս իրողությունը: Մի կողմից` ընդամենը երկու ամիս առաջ՝ հոկտեմբերի 24-ին Մինսկում կայացած գագաթնաժողովում Հայաստանի անդամակցության վերաբերյալ նույն Ղազախստանը եւ Բելառուսը հանդես եկան բավականին ոչ բարյացակամ հայտարարություններով, եւ այդ ֆոնին Նուրսուլթան Նազարբաեւի երեկվա հատուկ կարծիքն ու հարցի որոշումը փորձագետների հետ կապելու հույսը աչքի են ընկնում դիրքորոշման մեղմացմամբ: Ինչ վերաբերում է Բլառուսին, ապա երեկվա նիստում Ալ. Լուկաշենկոն միանգամայն բարեհամբույր եւ առանց որեւէ վերապահման ստորագրեց «ճանապարհային քարտեզը»: Հետեւաբար, կարելի է ասել, որ սա առաջընթաց է Հայաստանի համար, որը, փաստորեն, կարողացավ հաղթահարել ՄՄ անդամ երկրներից առնվազն Ղազախստանի դիմադրությունը` կապված ԼՂՀ հարցի հետ:
Մյուս կողմից, սակայն, դեռ հարց է, թե ինչ է իրենից ներկայացնում այդ «հատուկ կարծիք» ասվածը եւ ինչպիսի իրավական եւ քաղաքական նշանակություն կարող է ունենալ առաջիկայում: Առավել եւս, որ ինքնին հասկանալի է՝ դիրքորոշման այս փոփոխությունը պայմանավորված է նախ եւ առաջ Ռուսաստանի թելադրանքով կամ հորդորով, որը, սակայն, կարող է կարճաժամկետ բնույթ ունենալ` կապված տարբեր աշխարհաքաղաքական գործոնների հետ:
Եվ ուստի` ստացվում է, որ Հայաստանը մտնում է իր համար ճակատագրական նշանակություն ունեցող գործարքի մեջ` առանց մինչեւ վերջ համաձայնեցնելու այդ գործարքի պայմաններն իր համար ամենակարեւոր խնդրի` Ղարաբաղի շուրջ եւ բավարարվելով ընդամենը միջանկյալ, ու ըստ ամենայնի, բանավոր համաձայնություններով: Սակայն եթե հանկարծ առաջիկայում պարզվի, որ այդ բանավոր համաձայնությունները չեն գործում, Հայաստանի տնտեսությունն արդեն այնքան խորը թաղված կլինի Եվրասիական տնտեսական ճահճում, որ այնտեղից դուրս գալը պարզապես անհնար կլինի:
ԱՌԱՆՑ ՀՍՏԱԿԵՑՆԵԼՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ