Հայության առջև ծառացած գոյութենական մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է ունենալ ինքնիշխան պետություն, որի առաջին նախապայմանը յուրային` ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման համակարգի, առկայությունն է:
Մինչդեռ Հայաստանում այդ համակարգը ոչ միայն յուրային չէ, այլև անձնական ու կլանային շահի համար անթաքույց կերպով ծառայում է օտարին: Նրա ապազգային և կեղեքիչ գործունեության հետևանքով վտանգված է ոչ միայն պետականությունը, այլև հայաստանաբնակ հայության ֆիզիկական գոյությունը:
Ուստի այսօր հայության գերխնդիրը պետական կառավարման յուրային համակարգի ձևավորումն է, որի լուծման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծման գործը ձեռնարկել է Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնությունը:
Իրապես համազգային մասշտաբի այս ձեռնարկումը պահանջում է զգալի միջոցներ, որոնք անհրաժեշտ են նոր հայկական պետության ստեղծման համազգային շարժում ձևավորելու համար: Մասնավորապես` հարկ կլինի.
1) մասնագետներ ներգրավել նոր պետության ռազմավարական ծրագրի մշակման համար,
2) Հայաստանում և արտերկրի գաղթօջախներում ձևավորել ցանցային կառույց` իր գրասենյակներով,
3) ստեղծել ևգործադրել տեղեկութային-քարոզչական անկախ համակարգ (հեռուստատեսություն, լրատվականգործունեությունևայլն),
4) ապահովել հալածյալների և նրանց ընտանիքների անդամների իրավական ու սոցիալական պաշտպանությունը,
5) ձևավորել վարչախմբի հեռացման և դրանից հետո պետության կառավարման համար անհրաժեշտ ներկայացուցչական մարմիններ, առաջին հերթին` այլընտրանքային յուրային խորհրդարան ու ապահովել դրանց լեգիտիմացումը և գործունեությունը:
Այս ամենի հաշվառմամբ` Նախախորհրդարանը կոչ է անում ստեղծել այլընտրանքային համահայկական հիմնադրամ, որի գլխավոր ու հիմնական նպատակը պիտի լինի Հայաստանում պետական կառավարման յուրային համակարգի ձևավորումը: