ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱՐԴԱՆԻԿԸ ԴԺԳՈՀ Է

«Որ այդպես են ասում, ճիշտ են ասում: Բա 17 տարին ի՞նչ է: Թող ցմահ տային: Հա, ավելի լավ կլիներ, որ ցմահ տային»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ այսպես է արձագանքել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր եղբորորդու` Վահե Ղուկասյանի դատավճռին: Նշենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վահե Ղուկասյանին ապօրինի զենք կրելու եւ սպանության համար երեկ դատապարտել է 17 տարվա ազատազրկման: Դատական վերջին նիստին, սակայն, մեղադրող դատախազը որպես պատիժ Ղուկասյանի համար պահանջել էր 22 տարվա ազատազրկում, մինչդեռ դատարանը վճռեց Ղուկասյանին դատապարտել 17 տարվա ազատազրկման: Գյումրիում տեսակետ կա, որ այդպես դատարանը շատ մեղմ վերաբերմունք է ցուցաբերել Ղուկասյանի նկատմամբ, մանավանդ որ փոխհրաձգությունը տեղի էր ունեցել հասարակական վայրում` շատերի կյանքի համար վտանգավոր իրավիճակ ստեղծելով:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2013թ. ապրիլի 23-ին, երբ Գյումրիում հնչած կրակոցների հետեւանքով Արտյոմ Կարապետյանը, ով հայտնի էր Շեկո անվանմամբ, մահացել էր, իսկ «Քավոր Հարութ» մականունով հայտնի Հարություն Խաչատրյանը՝ վիրավորվել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, անդրադառնալով հարցին, թե ինչու է նա այդպես արտահայտվում, պատասխանեց. «Որ դուք ուրախանայիք»: Իսկ մյուս հարցին էլ՝ երեկ ինքը հնարավոր բոլոր միջոցներն օգտագործե՞լ է Գյումրիում գտնվող վարչապետի հետ հանդիպելու եւ իր եղբորորդու մեղադրանքը մեղմելու համար, նախկին քաղաքապետն ասաց՝ նման բան չկա: Հիշեցնենք, որ տարիներ առաջ փոխհրաձգության ժամանակ մարմնական վնասվածքներ հասցնելու համար դատապարտվել էր նաեւ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, ով մի քանի ամիս բանտում անցկացնելուց հետո վաղաժամկետ ազատ արձակվեց: Այն ժամանակ պատմում էին, որ Սպարտակ Ղուկասյանը բանտում ապրում էր շատ ճոխ եւ արտոնյալ պայմաններում, ավելի ճոխ, քան շատերն ազատության մեջ: Ենթադրվում է, որ նույնկերպ իր պատիժը կկրի նաեւ Վահե Ղուկասյանը:

 

 

 

ՏԱՐՕՐԻՆԱԿ
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Օրերս գողություն է տեղի ունեցել Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ Լեւիկ Խաչատրյանի բնակարանից: Ընդ որում, հանցագործները տարել են միայն Խաչատրյանի չհրկիզվող պահարանը, իսկ տան մյուս թանկարժեք իրերին` համակարգիչներ, թանկարժեք նկարներ եւ այլն, գողերը ձեռք չեն տվել: Սա, մեղմ ասած, խիստ տարօրինակ է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Խաչատրյանի չհրկիզվող պահարանի մեջ եղել են նաեւ բավականին արժեքավոր փաստաթղթեր: Նշենք, որ Լեւիկ Խաչատրյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր, նաեւ` ՀՀ առեւտրի նախարար, իսկ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո՝ քաղբանտարկյալ: Կատարվածի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս