ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՑ ԲԱՑԻ

«Ժողովուրդ»-ը հուլիսի 23-ին գրել էր, որ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ Լեւիկ Խաչատրյանի բնակարանը թալանել են: Հանցագործները տարել էին միայն Խաչատրյանի չհրկիզվող պահարանը, իսկ տան մյուս թանկարժեք իրերը՝ համակարգիչներ, թանկարժեք նկարներ եւ այլն, գողերի ուշադրությունը չէր գրավել: Ըստ ամենայնի, նրանք խմբով են եղել, քանի որ տարած չհրկիզվող պահարանը թեեւ չափերով փոքր, բայց շատ ծանր է եղել: Եվ մեկ կամ երկու հոգով դժվար կլիներ այն տեղափոխել:
Երեկ «Ժողովուրդ»-ին կատարվածից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ գողացված պահարանում կարեւոր փաստաթղթերից բացի եղել են նաեւ ոսկյա զարդեր: Հիշեցնենք, որ Լեւիկ Խաչատրյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր, նաեւ՝ ՀՀ առեւտրի նախարար:

 

 

ԿԱԹՎԱԾԱՀԱՐ

«Յուքոմ» ընկերության ինտերնետային կապի խափանման պատճառով երեկ Հայաստանում կաթվածահար վիճակում են հայտնվել մի շարք պետական հիմնարկություններ ու բանկեր: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ինտերնետի բացակայության կամ շատ վատ աշխատանքի պատճառով պարզապես հնարավորություն չի եղել ֆինանսական շատ գործարքներ իրականացնել՝ գումարներ փոխանցել ու ստանալ: Հիշեցնենք, որ մի շարք պետական հիմնարկություններ հայտնի պատճառով «պարտադիր-կամավորության» սկզբունքով օգտվում են «Յուքոմ»-ի ծառայություններից:

 

 

ԱՌԱՋԱՐԿ ՉԿԱ

Արդեն տեւական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում, թե ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը նպատակ ունի կոմիտեի աշխատակազմում ընդգրկել այն մարդկանց, որոնց հետ աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ քննարկվում է նաեւ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության նախկին պետ Կորյուն Փիլոյանին Քննչական կոմիտեում բարձր պաշտոնի նշանակելու հարցը: Երեկ փորձեցինք լուրի իսկությունը ճշտել հենց Փիլոյանից: «Ինձ որեւէ առաջարկ չի եղել»,- հակիրճ պատասխանեց նա: Հարցին՝ առաջարկ լինելու դեպքում արդյո՞ք կհամաձայնի աշխատել քննչական կոմիտեում, Փիլոյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, երբ որ առաջարկություն կլինի, այդ ժամանակ էլ կմտածեմ: Նախապես չեմ ցանկանում խոսել»:




Լրահոս