ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աղքատ երկրի շռայլ ծախսերը

Չնայած երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր պայմաններին, ավելի քան 30 տոկոս աղքատությանը, իշխանություններն անխնա շռայլում են պետական բյուջեի միջոցները:

Կառավարությունը նախորդ շաբաթվա իր նիստում որոշում է կայացրել ՀՀ պետական բյուջեից 33 մլն 150 հազար դրամ տրամադրել ԱԺ-ի համար «Toyota Land Cruiser» գնելու նպատակով: Խոստովանենք, սա բավականին շքեղ մեքենա է, բավականին մեծ հնարավորություններով ու հզորություններով, համարվում է ճանապարհների համար հարմար փոխադրամիջոց: Պատահական չէ, որ կառավարության նիստից հետո, երբ լրագրողները ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին հարցրել էին, թե ինչ իմաստ ունի այդքան շքեղ մեքենա գնելը, վերջինս պատասխանել էր. «Երեւի որ գնել են, ուրեմն անհրաժեշտություն կա, երեւի լեռնային շրջաններ այցելությունների համար է»: «Ժողովուրդ»-ը ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից փորձեց իմանալ ԱԺ-ի պաշտոնական տեսակետը: Ըստ այդմ, Ազգային ժողովի ավտոպարկը հին էր, եւ այն թարմացնելու անհրաժեշտություն էր առաջացել. նոր մեքենան ձմռան ամիսներին սպասարկելու է ԱԺ նախագահին ու ԱԺ օտարերկրացի բարձրաստիճան հյուրերին, նաեւ օգտագործվելու է մարզային այցերի ժամանակ:
Ի դեպ, «Toyota Land Cruiser»-ն իրականում գնվել է շատ ավելի թանկ գնով. մեքենան արժի մոտ 43 մլն 150 հազար դրամ կամ ավելի քան 100 հազար դոլար: Ինչպես տեղեկանում ենք կառավարության որոշման հիմնավորումներից, դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին ԱԺ-ի ու «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ի միջեւ կնքվել էր պայմանագիր՝ այդ մեքենան գնելու նպատակով, այն ժամանակ փոխանցվել էր մեքենայի արժեքի մի մասը՝ 10 մլն դրամ, իսկ ահա մնացած գումարը տրվում է այս տարվա բյուջեից: ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից նաեւ տեղեկացանք, որ մեքենան գնվել է ԱԺ-ին հատկացված գումարներից առաջացած տնտեսումներից՝ խնայողությունների հաշվին:
Բայց միայն խորհրդարանը չէ, որ իրեն նման շռայլություններ է թույլ տալիս. այս հարցում պակաս ակտիվ չէ նաեւ կառավարությունը: Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարման երեք ամիսների ընթացքում հասցրել է լինել Մինսկում եւ Սոչիում, եւ ամեն անգամ նա մեկնել է հատուկ չվերթով: Վարչապետի երկու այցերը, ինչպես պարզեցինք «Էյր Արմենիա»-ի հետ կնքված պայմանագրերից, ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է 36 մլն 175 հազար դրամ կամ մոտ 89 հազար դոլար: Գումար, որը կարելի է պատկառելի համարել, եւ որով Հայաստանում կարելի էր բավականին լուրջ խնդիրներ լուծել:
Սերժ Սարգսյանի ինքնաթիռի շահագործումն ու տեխնիկական սպասարկումը եւս ՀՀ պետական բյուջեի վրա ահռելի ծախս է նստում: Ըստ 2014թ. փետրվարի 4-ին ՀՀ նախագահի նստավայրի պաշտոնյայի ու «Էյր Արմենիա» ընկերության միջեւ կնքված պայմանագրի՝ 100 մլն դրամ է փոխանցվել Ա-319 EK RA-01 ինքնաթիռի սպասարկման ծառայությունների համար: Սա ենթադրում է Ս․ Սարգսյանի այցերի ծախսերը՝ ավիասնունդ, վերգետնյա սպասարկման ծառայություններ, ավիավառելիք, կայանման վարձեր, օդաչուների աշխատավարձեր եւ օրապահիկ: Ապրիլի 4-ին կնքված պայմանագրով եւս 100 մլն դրամ է փոխանցվել: Իսկ նույն օրը կնքված մեկ այլ պայմանագրով էլ 100 մլն դրամ տրամադրվել է ինքնաթիռի տեխնիկական սպասարկմանը: Իսկ հունիսի 30-ի նոր պայմանագրով հերթական 100 մլն դրամն է փոխանցվել՝ այս անգամ Ս․ Սարգսյանի չվերթերի ծախսերի համար: Փաստորեն, մեկ տարվա ընթացքում 400 մլն դրամ կամ մոտ 1 մլն ԱՄՆ դոլար էլ ծախսվել է Ս. Սարգսյանի չվերթերի կազմակերպման համար:
Համեմատության համար նշենք, որ Երեւանի դպրոցներին ՀՀ պետական բյուջեից տարեկան տրամադրվում է մոտ 10-15 մլն դրամ, Ծանրամարտի մանկապատանեկան դպրոցին տրամադրվել է 800 հազար դրամ, Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին՝ 1.3 մլն դրամ, Գյումրիի թեթեւ աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին՝ մոտ 850 հազար դրամ: Պատկերացրեք՝ եթե պետական պաշտոնյաների ուղեւորությունների համար նախատեսված միջոցների մի մասը տրամադրվեին նման նպատակով, այն շատ ավելի մեծ արդյունք կունենար, քան այս դեպքում է:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

 

Լուրեր

ԳՆՈՒՄ ԵՆ
Հայաստանից արտագաղթը շարունակվում է մտահոգիչ տեմպերով: Միայն օդային ճանապարհով՝ այդ տարվա վեց ամիսներին ՀՀ-ից հեռացել է 44 հազար 377 հոգի: Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանով մեկնել է 454 հազար 656 ուղեւոր, վերադարձել՝ 413 հազար 213-ը, իսկ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով հեռացել է 11 հազար 237 հոգի, ժամանել՝ 8 հազար 303-ը: Նշենք, որ այս տարի արտագաղթածների թիվն ավելի մեծ է, քան 2013թ.-ին: Նախորդ տարվա առաջին կիսամյակում մեկնել ու չէր վերադարձել 39 հազար 897 հոգի, այսինքն՝ 4 հազար 498-ով ավելի: Ընդ որում, սա միայն օդային ճանապարհով հեռացածների թիվն է, այնինչ՝ շատերն արտագաղթում են ցամաքային տրանսպորտով՝ հիմնականում Վրաստանի միջոց ԱՊՀ երկրներ:

 

ՏԵՍՆԵՆ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՆ
Արդեն տեւական ժամանակ է, ինչ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը գրեթե ամեն օր հակառակորդի կողմից ռմբակոծվում են: Ժամանակ առ ժամանակ գյուղացիները դադարեցնում են իրենց հողագործական աշխատանքները, քանի որ անհնար է լինում դաշտերում աշխատելը: Նախօրեին Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը հայտարարել է, թե հայ պաշտոնյաներին չի հետաքրքրում՝ ինչ է կատարվում սահմանամերձ գյուղերում ու կոչ էր արել միլոնատերերին գոնե մեկ անգամ այցելել գյուղ՝ հասկանալու, թե գյուղացին ինչ վիճակում է գտնվում:
«Ժողովուրդ»-ը երեկ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, հերթական միլիոնատեր Գարեգին Նուշիկյանի հետ՝ պարզելու, արդյոք ինքը պատրաստվո՞ւմ է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր այցելել:
-Իսկ հիմա դուք ինձ հարցն ուղղում եք որպես միլիոնատե՞ր, թե՞ որպես պատգամավոր:
-Որպես միլիոնատեր-պատգամավոր։
-(Ծիծաղում է) Բայց դուք ի՞նչ գիտեք, որ ես միլոնատեր- պատգամավոր եմ:
-Ձեր ներկայացրած հայտարարագրից:
-Բայց ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը լինել միլոնատեր կամ ոչ միլիոնատեր ու իրեն չհետաքրքրի, թե իր երկրի սահմաններում ինչ է կատարվում:
-Պարոն Նուշիկյան, եթե Ձեզ դա հետաքրքրում է, պատրաստվո՞ւմ եք գնալ այդ գյուղեր: Գյուղապետերը հրավիրում են գյուղ Ձեր աչքով տեսնելու համար, թե ինչ է կատարվում այնտեղ:
-Գնանք տեսնենք, ու ի՞նչ անենք: Ի՞նչ նպատակ ունի գնալ տեսնելը, ի՞նչ են ակնկալում դրանից, ասենք՝ միլիոնատերերը գնացին տեսան, ինքն ի՞նչ ակնկալիք ունի: Միլիոնատերն ի՞նչ կարող է անել, որպեսզի չռմբակոծեն գյուղը:
-Թեկուզեւ հանդիպել գյուղացիների հետ, զրուցել, հոգեբանորեն օգնել։
-Գյուղապետը եթե հրավիրում է, ուրեմն մի ակնկալիք ունի, չէ՞, ասենք՝ ես գնացի, ի՞նչ է ակնկալում ինձանից, որ ես անեմ: Բայց ինչպե՞ս կարող է յուրաքանչյուրին չհետաքրքրել, թե ընդհանրապես իր երկրում ինչ է կատարվում, առավելեւս երկրի սահմաններում: Ճիշտ կլինի այդ ակնկալիքներն իմանալ, թե այնտեղ ինչ պետք է անել: Ես այդտեղ պրոբլեմ չեմ տեսնում, կանեմ:

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԼՂՀ բանակում
Հուլիսի 27-ին աշխատանքային այցով ԼՂ պաշտպանության բանակ այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել առաջնային գծի տարբեր հատվածներում, հանդիպել բանակի ղեկավար կազմին եւ զորամասերի հրամանատարներին, ծանոթացել առաջնային գծում ինժեներական արգելափակոցների համակարգերի կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: ՀՀ եւ ԼՂՀ ՊՆ ղեկավարները մասնակցել են նաեւ Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում բարերար Հայկ Մաղաքելյանի նախաձեռնությամբ եւ միջոցներով կառուցվելիք զինվորական ավանի հիմնարկեքի արարողությանը:

 

ՄԱԿ-ը կարեւորել է
Հուլիսի 28-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի «Խաղաղապահ գործողություններ. ՄԱԿ-ի եւ տարածաշրջանային գործընկերության գնահատում» խորագրով բաց քննարկումներին` ընդգծել է ՄԱԿ-ի առանցքային դերը խաղաղապահ գործողությունների ծրագրավորման, համակարգման եւ իրագործման հարցում: Խոսելով խաղաղապահ գործողություններում Հայաստանի փորձառության մասին՝դեսպանը ներկայացրել է այն զգալի ներուժը, որը ձեւավորված է Հայաստանում:

 

Խոսելն էժանացավ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 29-ի նիստում քննարկելով «ԱրմենՏել» ՓԲԸ սակագնային կարգավորման ենթակա հանրային էլեկտրոնային հաղորդակցության որոշ ծառայությունների սակագների վերանայման մասին հարցը՝ որոշել է. ՀՀ տարածքում միջքաղաքային զանգերի եւ դեպի ԼՂՀ ամրակցված ցանց զանգերի՝ ֆիզիկական անձանց համար գործող սակագների՝ 20 դրամ/րոպե (ցերեկային) եւ 14 դրամ/րոպե (գիշերային) եւ իրավաբանական անձանց համար գործող 24 դրամ/րոպե (ցերեկային) եւ 16,8 դրամ/րոպե (գիշերային) սակագների փոխարեն, սահմանել 5 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ-ն).
– բաժանորդավճարի դիմաց տրամադրվող անվճար րոպեների չափաքանակները 2015 թվականի հուլիսի 1-ից սկսած կիրառել նաեւ միջքաղաքային զանգերի նկատմամբ,
– տեղական զանգերի համար 1601-րդ րոպեից սկսած գործող՝ 9 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ-ն) սակագնի փոխարեն, սահմանել 5 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ-ն): Ընդունված որոշումներն ուժի մեջ կմտնեն 2014 թվականի սեպտեմբերի 1-ից։

 

Լույսը չի փակվել
,Լույսե հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանը երեկ նախագահական նստավայրում ընդունել է հիմնադրամի 2014-2015 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին, ովքեր Ս. Սարգսյանին ներկայացրել են ,Լույսիե ,Զարգացնենք Հայաստանըե ծրագրի շրջանակներում իրենց կողմից իրականացվող աշխատանքները: Նշենք, որ 2014-2015թթ. կրթաթոշակին արժանացել է 57 նոր ուսանող՝ ամեն բուհից ոչ ավելի, քան 10 ուսանող, ովքեր առաջինն են դիմել ամբողջական փաթեթով: Հիշեցնենք, որ այս հիմնադրամը ստեղծվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անմիջական ջանքերով, եւ նրա պաշտանանկությունից հետո խոսակցություններ էին պտտվում հիմնադրամը փակելու մասին:

 

Օրինացի ապօրինությունը
,Օրինաց երկիրե կուսակցությունն Ագրարային համալսարանի տարածքում կրկին վերսկսել է շինարարությունը: Երեկ այնտեղ ներկա ՕԵԿ-ական պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Լևոն Դոխոլյանը պնդել են, թե իրենք ոչ մի ապօրինի գործողություն չեն կատարում: Մինչդեռ նծենք, որ դատարանն արգելել է ՕԵԿ-ին որևէ շինարարություն իրականացնել, ինրը, սակայն, հաշվի չի առնվում: Ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանն Armlur.am-ի հետ զրույցում նշել է, որ ՕԵԿ-ը շինարարությհունն անում է միայն ոչ աշխատանքային օրերին:

 




Լրահոս