Երեխայի ծննդյան միանվագ նպաստի 2014թ.-ի հուլիս ամսվա դիմումների հիման վրա նպաստի վճարումը կիրականացվի 2014թ.-ի օգոստոսի 4-ից: Այս մասին տեղեկացնում է սոցապ պետական ծառայության մամուլի կենտրոնը:
Նշվում է, որ 2014թ.-ի հուլիսի 4-ից ֆինասավորվում է նաեւ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ պետական աջակցության հաշիվները:
Համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման.
Ընտանեկան դրամագլուխը, մինչեւ հաշվետիրոջ 18 տարին լրանալը, անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով տնօրինվում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից՝ բացառապես`
Հայաստանի Հանրապետությունում բնակարանի գնման, կառուցման համար տրամադրված եւ հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու եւ մայր գումար մարելու համար, եթե վարկառուն հաշվետիրոջ ծնողն է կամ որդեգրողը.
հաշվետիրոջ կամ հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ օրինական ներկայացուցչի՝ Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված ուսումնական հաստատությունում ուսումնառելու ընթացքում ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար.
հաշվետիրոջ, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ օրինական ներկայացուցչի համար Հայաստանի Հանրապետությունում բժշկական ապահովագրություն ձեռք բերելու համար: