Շարունակում ենք ներկայացնել ՀՀ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին աշխատակից Հենրիկ Մարտիրոսյանի` մեր թերթում հրապարակած հոդվածաշարին ի պատասխան` ՔԾԽ ներկայացրած պարզաբանումները:
Հոդվածի հեղինակը գրում է, թե այս «չարաշահումները» (թե որն է այստեղ չարաշահումը, անհասկանալի է) իրականացվում են ՀՀ ՔԾՄ օրենքում տեղ գտած սողանցքներով, կամայական նշանակվող ծառայողական քննություններով, ինչպես նաեւ անցկացվող ֆարս մրցույթներով: Ամեն ոք, իհարկե, կարող է որակումներ տալ ցանկացած գործընթացի, եթե, ինչպես ասում են, լեզվի տակ ոսկոր չկա: Ով, ով, բայց Հենրիկ Մարտիրոսյանը գոնե քաղծառայության ընթացակարգերից բողոքելու տեղ չպետք է ունենար: Նախ` ամեն ինչ ֆարս համարելու պարագայում նա առնվազն պետք է խոստովաներ, որ եթե ինքը երկու անգամ ատեստավորվել է, երկու անգամ էլ` վերապատրաստվել, իսկ 2007թ. հոկտեմբերի 10-ին Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթում հաղթող ճանաչվել, ինչի մասին խոսում է հոդվածում, ապա դրանք եւս ֆարս են եղել: Բայց նա դա չի ասում, նախ` որովհետեւ նման պնդում անելու հիմքեր չունի, եւ երկրորդ` որովհետեւ այս դեպքում խոսքն իրեն է վերաբերվում, իսկ ինքը, ինչպես երեւում է, այնքան բարձր կարծիքի է իր մասին, որ խորապես համոզված է, թե խորհուրդը կարող էր ծառայողական քննություն նշանակել միայն համապատասխան մրցույթում հաղթելուց հետո Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի թափուր պաշտոնի նշանակվելու համար նրա կողմից դիմում ներկայացնելու «հանդգնության» պատճառով: Քանի որ սա ավելի շատ մարդկային բարդույթների, տվյալ դեպքում` սեփական անձի գերագնահատման ոլորտից է, հարկ չենք համարում այս անհեթեթությունը մեկնաբանել: Սակայն այդ բարդույթը նրան ստիպում է չհիշել ՀՀ ՔԾԽ-ի կողմից ժամանակին իրեն պաշտպանելու փաստը:
2006թ. նրա դիմումի հիման վրա մեկ անգամ արդեն անցկացվել էր ծառայողական քննություն, որի արդյունքում ՀՀ ՔԾԽ միջնորդությամբ ուժը կորցրած էր ճանաչել Հ. Մարտիրոսյանի նկատմամբ խիստ նկատողություն կիրառելու վերաբերյալ հրամանը, որովհետեւ քննության ընթացքում տվյալ պահին նրա նկատմամբ նման տույժ կիրառելու հիմքեր չէին հայտնաբերվել: Եթե Մարտիրոսյանը նշանակվող ծառայողական քննությունները կամայական է համարում, ապա արդյոք սա եւս կամայականության կամ էլ բնապահպանության նախարարության կամակատարը լինելու արդյունք էր: Թե ինչու է «էկոլոգ-գիտնական» պարոն Մարտիրոսյանը խախտում գիտնականի համար ամենակարեւոր սկզբունքը` անաչառությունը, թող դատեն ընթերցողները:
ՔԱՂԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է-2
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ