ԱԺ փոխնախագահը հանդիպեց սփյուռքահայ աշակերտների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
armlur.am-ի տեղեկացնում են, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 5-ին հանդիպեց սփյուռքահայ մի խումբ աշակերտների ու նրանց ծնողների հետ: ԱԺ փոխնախագահը համոզմունք հայտնեց, որ նման այցելություններն ազգային ինքնության գիտակցման շատ լավ հնարավորություն են ընձեռում եւ նպաստում սերունդների համերաշխությանն ու միասնական լինելուն, ինչն էլ իր հերթին պետականաշինության եւ ազգային իղձերի իրականացման կարեւորագույն գործոն է դառնում: “Դուք  ձեր հայրենիք եք եկել, քանզի Հայաստանն աշխարհի բոլոր հայերի օրրանն է, – ասաց պարոն Շարմազանովը:- Աշխարհասփյուռ հայության մեծաքանակ լինելը պայմանավորված է  նախորդ դարասկզբին օսմանյան թուրքիայի իրականացրած ցեղասպանությամբ: Այն երբեք չի կարելի մոռանալ: Առանց այդ ոճրագործության դատապարտման,  միջազգային հանրության եւ առաջին հերթին թուրքիայի կողմից այդ սահմռկեցուցիչ փաստի ճանաչման ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նման ոճիրներ նորից չեն կատարվի”: ԱԺ փոխնախագահը հորդորեց երեխաների ծնողներին հայեցի դաստիարակությամբ կրթել ու մեծացնել իրենց երեխաներին, քանզի հայաստանաբնակ  քույրերի ու եղբայրների հետ  նաեւ նրանք են լինելու մեր ազգային նպատակների իրականացնողներն ու ժողովրդավարական հզոր Հայաստան կերտողները: 
Պարոն Շարմազանովի  հարցին, թե ինչ զգացողություն ունեն երեխաները Հայաստանում լինելով, պատասխանը մեկն էր` հպարտության:  ԱԺ փոխնախագահը նիստերի դահլիճում լուսանկարվեց սփյուռքահայ աշակերտների ու նրանց ծնողների հետ: 




Լրահոս