Բաց դաս` համալսարանականների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ ապրիլի 6-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը “բաց դաս” անցկացրեց  Երեւանի պետական եւ “Գլաձոր” համալսարանների միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների հետ: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ`  նման հանդիպումները կարեւոր են այն տեսանկյունից, որ նախ ինքը ազդակներ է ստանում ուսանողներին մտահոգող խնդիրների վերաբերյալ ու փորձում գտնել հարցի օբյեկտիվ պատասխանն ընդհանուր քաղաքական զարգացումների համատեքստում, մյուս կողմից նրանք են ծանոթանում օրենսդիր մարմնի աշխատանքներին, խորհրդարանական դիվանագիտությանը, ավելի լավ պատկերացնում երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը: Դասն ընթացավ հիմնականում  հարցուպատասխանի մեթոդով, ինչն էլ կանխորոշեց քննարկման անմիջականությունն ու կոնկրետությունը: Ուսանողներին մասնավորապես հետաքրքրում էր աշխատաշուկայի խնդիրը եւ պետության դերակատարությունը նորավարտ մասնագետներին աշխատանքով ապահովելու գործում: Պարոն Շարմազանովը նախ ներկայացրեց խնդրի տնտեսագիտական հիմքերը` արձանագրելով, որ անկախացումից ի վեր  Հայաստանը պլանային տնտեսությունից անցել է շուկայական տնտեսության: Վերջինիս առանձնահատկությունն այն է, որ պետությունը պետք է մրցակցային հավասար պայմաններ ստեղծի բոլորի համար` չմիջամտելով այս կամ այն տնտեսավարողի գործունեությանը, այդ շարքում` նաեւ մասնագետի ընտրությանը: Հասկանալի է, որ մրցակցային սկզբունքը ստիպելու է, որ թե պետական, թե մասնավոր հատվածը շահագրգռված լինեն ընտրելու լավագույնին: Ինչ վերաբերում է բուհերի շրջանավարտների եւ պահանջվող մասնագետների թվաքանակի անհամապատասխանությանը եւ որակի ապահովմանը, Հայաստանի կառավարությունը նոր ծրագիր է մշակում խնդիրը կարգավորելու համար: Նախատեսվող քայլերի համաձայն` բուհ ընդունվելն ավելի կհեշտանա, իսկ գիտելիքի ավելի բարձր նշաձող սահմանելու  միջոցով ավարտելը կդժվարանա: Այս դեպքում, անշուշտ, մրցունակ գիտելիքի ու տեղեկացվածության գործոնները ավելի որոշիչ կլինեն աշխատանքի ընդունվելու ժամանակ: Ուսանողների այն հարցին, թե հիմնավորված ու մեզ համար շահեկան էր արդյոք հայ-թուրքական արձանագրություններին առնչվող գործընթացը, պարոն Շարմազանովը դրական պատասխան տվեց` ասելով. “Հայաստանի իրատեսական ու հետեւողական քայլերը տեսնելով` միջազգային հանրությունը Հայաստանը գնահատեց որպես վստահելի գործընկերոջ, եւ բացահայտվեց Թուրքիայի իրական դեմքը: Հասկանալի դարձավ, որ հայ-թուրքական փակ սահմանի պատճառը միայն Թուրքիան է, շահեց նաեւ ցեղասպանության դատապարտման գործընթացը”: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին` ԱԺ փոխնախագահը նկատեց. “Մենք ամեն գնով հարցի լուծման կողմնակից չենք. այն պետք է լուծվի արժանապատիվ եւ մեզ համար ընդունելի տարբերակով: Կարեւոր է, որ այսօր հարցը քննարկելիս տարածքային ամբողջականության սկզբունքի հետ հավասարապես կարեւորվում է նաեւ միջազգային մեկ այլ` ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Իսկ վերջին սկզբունքով հարցերի լուծման դեպքերը աշխարհում ավելի հաճախակի են դառնում”: Երկրի արտաքին քաղաքական խնդիրների համատեքստում ԱԺ փոխնախագահը կարեւորեց ազգային անվտանգության հիմնահարցը` առանց որի հնարավոր չէ ապահովել ոչ ներքին կայունություն ու ոչ էլ ժողովրդավարություն: Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ մարդու իրավունքների պաշտպանությանն ու կոռուպցիոն երեւույթների հաղթահարմանն առնչվող այլ հարցեր: 
  




Լրահոս