ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒՆ ԾԵԾԵԼ ԷԻՆ ՈՒ ԹԱԼԱՆԵԼ

Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում օրերս ավազակային հարձակման դեպք էր գրանցվել: Օգոստոսի 8-ին երկու հոգի դիմակավորված մուտք էր գործել գյուղացիներից մեկի բնակարան, դաժանորեն ծեծի ենթարկել տանտիրուհուն` 79-ամյա Գեղեցկուհի Մանուկյանին, տարել ոսկյա զարդերը եւ 3000 ԱՄՆ դոլար: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ծեծի ենթարկված Գեղեցկուհին կարծիք հայտնեց, որ հանցագործները շատ լավ տեղեկացված են եղել եւ միայն գյուղացիները կարող էին հանցագործներին պատմած լինել, թե ինքը ինչ «գործ է սկսել»:

Տուժածի խոսքերով՝ երեկոյան՝ ժամը 1:00-ի սահմաններում, ինքը գնացել է մառան` դեղ բերելու: «Դեղը բերեցի, տաբլետկաներս ընդունեցի ու պառկեցի: Երեւի մի քիչ աչքս կպել էր, մեկ էլ արթնացա ու մտքովս անցավ՝ կարող է տան դուռը չեմ փակել: Մեկ էլ տանս մեջ տեսնեմ երկու հոգի, երկուսն էլ դիմակավորված: Նրանցից մեկը բարձրահասակ էր, մյուսը կարճոտ էր: Լրիվ սեւ էին հագած: Գլխներին սեւ բան կար քաշած, ձեռքներն էլ սեւ ձեռնոցներ էին հագել ու իրենց ճակատից էլ լույս քցող բատարեյ կար: Ինձ ասացին, թե ուր են ոսկիներդ, ես էլ ասացի՝ չունեմ: Վզիցս քաշեցին պոկեցին վզնոցս, ականջօղերս ու մատանիս էլ տարան: Հետո ասացին, թե փողերդ ուր է, ասացի՝ չունեմ: Բարձրահասակ մասկայովն ինձ ասեց՝ եթե փող չունես, բա ինչով էս տներդ ռեմոնտ անում»,-պատմեց Գեղեցկուհի Մանուկյանը` հավելելով, որ մինչ գողերը փորձել են կապել իր բերանը, նա այդ ժամանակ օգնություն է կանչել: Նշենք, որ Գեղեցկուհի Մանուկյանն ապրում է միայնակ:
«Իմ եղբորորդու անունը տվեցի, Նորիկ, Նորիկ: Իսկ դրանցից մեկն ինձ ասեց, թե Նորիկը ես եմ, բայց ես շատ լավ գիտեի, դա Նորիկը չէր, իսկ իրենց չէի կարողանում ճանաչել, նրանք դիմակով էին: Բերանս շորով, կոճով կապին, ձեռքերս կապին ու սկսեցին տունը տակնուվրա անել: Պայուսակս գտան, քրքրեցին, մեջից հանեցին 3000 դոլար: Հիմա կասեք , թե թոշակառու կնոջն այդքան փող որտեղից: Այս տարվա կարկուտից հետո ջուրը լցվել էր տունս եւ ամեն ինչ ավիրվել էր: Դրա համար Ամերիկայում բնակվող քրոջիցս գումար էի խնդրել, նա էլ ինձ 3000 դոլար փող էր ուղարկել: Պայուսակիցս տարել են այդ գումարը, ոսկյա երկու մատանիները, որը եղբորս որդունն էր, ուզում էինք պսակել ու այդ մատանիները ինձ մոտ էին»,-պատմեց ծեծի ենթարկված կինը` նշելով, թե ինքն առայժմ կասկածներ չունի, թե ում ձեռքի գործն է սա:
Սակայն, ըստ մեր զրուցակցի, անծանոթ մարդիկ չէին կարող իմանալ, թե ինքը տուն է վերանորոգում եւ գումար ունի. «Գյուղից մեկն է տեղեկություն տվել գողերին, թե չէ անծանոթը չէր կարող իմանալ, որ տանս ներսում վերանորոգում եմ սկսել: Ավելին, հանցագործները չէին գնացել այն տեղը, որտեղ վերանորոգում եմ, ուրեմն սա նշանակում է, որ շատ լավ իմացել էին, թե որտեղ է ամեն ինչ գտնվում»:
Նկատենք, որ վերջին շրջանում բնակարանային գողության այսօրինակ դեպքեր հաճախ են լինում. ավազակները ոչ միայն թալանում են տանտերերին, այլեւ դաժան ծեծի ենթարկում ու վախեցնում: Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին նման դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Երեկոյան՝ ժամը 22:00-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք մտել էին ամուսիններ Հրաչիկ եւ Սիրան Հովhանյանների տուն, գողացել ոսկյա զարդերն ու դաժանաբար ծեծել նրանց: Ըստ հարազատների՝ ծեծի ենթարկողների մեջ նաեւ մի աղջիկ էր եղել: Նման խնդրի առաջ էին կանգնել նաեւ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 18/1 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի տնօրեն, 46-ամյա Ռոբերտ Մնացականյանը, 68-ամյա Շուշանիկ Հովհաննիսյանը եւ նրանց հարսներ Էմման ու Արմինեն: Ծեծի ենթարկողները եղել էին 5-ը, որոնք, հափշտակելով գումարը, մի բան էլ սպառնացել էին, թե հետ կվերադառնան: Դաժան ծեծի էին ենթարկվել նաեւ Արմավիրի մարզի Էջմիածնի Զվարթնոց թաղամասի Օստրովսկու փողոցի 12 տան բնակիչներ, ամուսիններ 56-ամյա Մռազ Քոչարյանը եւ 55-ամյա Սեյրան Ջալիլյանը. նրանցից գողացել էին 2.5 մլն դրամի ոսկյա զարդեր եւ այլ իրեր:
Ու այս դեպքերից ոչ մեկը դեռեւս բացահայտված չէ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ԻՐ ԽՈՍՔԸ ԴԵՌ ԿԱՍԻ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը, խոսելով իր եղբոր` Հարություն Գրիգորյանի սպանության մասին, շարունակեց պնդել, որ իր եղբայրը, ինչպես նաեւ իր ընտանիքը երբեւէ թշնամիներ չեն ունեցել:
Հիշեցնենք, որ ռեկտորի եղբորը հայտնաբվերել էին հուլիսի 24-ին Գյումրի-Արմավիր ճանապարհահատվածում. Շիրակի մարզի Գետք գյուղից դեպի Երազգավորս գյուղ տանող ճանապարհի քանդված գոմերի մոտ: Ավելի ուշ սպանության կասկածանքով կալանավորվեց ՀՀ ՊՆ Շիրակի մարզի Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանը, ով ասել էր, թե Հ.Գրիգորյանը երկար ժամանակ սիրահետել է իր կնոջը, ինչի պատճառով էլ ինքը նրան սպանել է:
Խոսելով այդ մասին, Վարդեւան Գրիգորյանը նշեց. «Իմ եղբոր կինն ամուսնու իրավահաջորդ է ճանաչվել եւ նրան կանչել են Գյումրու քննչական գործի նյութերին ծանոթանալու: Ժամանակը եկավ իմ խոսքը կասեմ, չեմ ուզում առաջ ընկնել իրադարձություններից, հիմա նախաքննություն է ընթանում եւ չեմ ցանկանա իմ խոսքն ազդեցություն ունենա գործի ընթացքի վրա»:
Վարդեւան Գրիգորյանի խոսքով՝ դեպքից հետո իր եղբոր սպանության գործով կալանավորված Կատունյանի ազգականներից որեւէ մեկը չի հանդիպել իր ընտանիքի հետ եւ, առհասարակ, իրենք չեն էլ ցանկանում տեսնել նրանց. «Կրկնում եմ՝ հույս ունեմ, որ իրականությունը կբացահայտվի, բայց դրա համար համբերություն է պետք»:

 

ՏՐԱԿՏՈՐԸ ԿՏՐԵԼ Է ՁԵՌՔԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի Բասեն գյուղում արտառոց դեպք է տեղի ունեցել: Գյուղի բնակիչներից մեկը դաշտում աշխատանք կատարելիս ձեռքը մնացել է տրակտորի տակ ու նրան տեղափոխել են տուն՝ փորձելով տանը օգնություն ցույց տալ, սակայն նկատելով, որ նրա վիճակը գնալով վատթարանում է, շտապել են հիվանդանոց: Սակայն ճանապարհին տղամարդը մահացել է: Բասենի համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանից տեղեկացանք, որ մահացածը 46-ամյա Արթուր Հովհաննիսյանն է, ում մահը վրա է հասել ներքին արյունահոսության պատճառով:

 

ԳԵՐՈՒ ԴԻՆ ԿՀԱՆՁՆԵ՞Ն
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ տեղեկացրեց, որ օգոստոսի 7-ին Չինարի գյուղից Ադրբեջանում գերի ընկած եւ սպանված Կարեն Պետրոսյանի մարմինը Հայաստանին փոխանցելու համար բանակցություններ են սկսվել: «Այդ ուղղությամբ աշխատում ենք, ցանկանում ենք անպայման ստանալ: Գերիների հանձնաժողովն իր ամբողջ լծակներով, Կարմիր Խաչի միջոցով աշխատանք է տանում այն ստանալու համար, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց նա: Ի դեպ, հայկական կողմն էլ ունի ադրբեջանցու դի: Նախորդ ամիս Քարվաճառում ոչնչացված դիվերսանտին Լեռնային Ղարաբաղում հուղարկավորելը նպատակ է հետապնդել որեւէ գերու դիմաց փոխանակել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հիմա փորձ է արվում այս դիերը փոխանակել:

 
ԲԼԹ

«Ես էլ չգիտեմ սեփականատիրոջը… Երբ վերադառնամ, կփորձեմ ճշտել սեփականատիրոջ անունը: Մեզ հետաքրքրում է ավելի շատ գործարանի ճակատագիրը, քան աշխատավարձերը»:

Հովիկ Աբրահամյան News.am

Վանաձորի քիմգործարանը մանր ձեռնարկություն չէ, այլ երկրի հայտնի եւ խոշոր գործարաններից է, եւ այն փաստը, որ երկրի վարչապետը չգիտի, թե ով է գործարանի սեփականատերը, նույնիսկ զավեշտալի անվանելը մեղմ կլինի: Հետաքրքիր է, որ վարչապետը մեկնելով Վանաձոր` գործարանի աշխատավարձ չստացած աշխատողների խնդիրներին ծանոթանալու նպատակով, նույնիսկ մեկնելուց առաջ չի էլ տեղեկացել, թե ում է պատկանում գործարանը, եւ միայն տեղում է ասել, որ կվերադառնա Երեւան ու կճշտի: Որ ճշտեց, ի՞նչ է անելու, նորի՞ց է գնալու Վանաձոր, հետո հիշի, որ մի բան էլ է մոռացել ճշտել ու նորից հետ գա՞:

 
«Իրականում Հայաստանը շարունակում է իրականացնել իր «եւ-եւ»-ի քաղաքականությունը՝ ի հեճուկս մեր բոլոր ընդդիմախոսների»:

Գագիկ Մինասյան ՀԺ

Իրականությունը կարծես թե այլ բան է ցույց տալիս. ՀՀԿ-ական պատգամավորն իրեն հույս է տալիս, թե իշխանությունները կարողանում են «եւ-եւ»-ի քաղաքականություն իրականացնել, բայց իրականում նույնիսկ «կամ-կամ»-ն իրենց մոտ նորմալ չի ստացվում: Իրենց անհասկանալի քաղաքականության հետեւանքով Եվրոպայի հետ հարաբերությունները փոխվեցին դեպի վատը, Ռուսաստանի հետ էլ ավելի մերձենալ չհաջողվեց, չկարողացան ռազմավարական գործընկերոջ հետ համագործակցել այնպես, որ իրենք շահողի դիրքում լինեն: Եվ սա Գագիկ Մինասյանն անվանում է «եւ-եւ»-ի քաղաքականությո՞ւն:

 
«Եթե իսկապես իշխանությունն այս քաղաքական պաուզան օգտագործում է, որպեսզի կարողանա նման որոշումներ (էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում) պարտադրել ժողովրդին, ես կարծում եմ՝ քառյակն աշնանը համարժեք պատասխան կտա իշխանությանը»:

Ռուբեն Հակոբյան ՀԺ

Իսկ ինչո՞ւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը կրկին խոսում է աշնան մասին: Ինչ է, պատասխան տալու համար տարվա համապատասխան եղանակ եւ կլիմայական պայմաննե՞ր են անհրաժեշտ: Հասկանալի է՝ «հրաշալի քառյակ»-ի անդամներն էլ մարդ են, ամռանը Քոբուլեթիում կամ Անթալիայում, կամ էլ Եվրոպայում հանգստանալ են ուզում, լողափերին պառկել եւ արեւայրուք ընդունել են ուզում, բայց եթե վիճակն իսկապես օրհասական է, ինչպես նկարագրում են Ռ. Հակոբյանն ու իր «քառյակային» գործընկերները, ապա մի՞թե չարժեր հանուն սեփական ժողովրդի զոհել ամառային հանգիստը եւ անցնել գործի, եթե, իհարկե, ընդունակ են:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 




Լրահոս