ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՐԱՐ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԶԵՆՔՈՎ

Չնայած սահմանային վերջին արյունալի միջադեպերից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը, կողմերը շարունակում են ռազմական հռետորաբանությունը: Ինչպես հանդիպումից առաջ, այնպես էլ հետո կողմերը միմյանց սպառնում են «բնաջնջելու» հեռանկարով:

Ընդ որում, նրանց հնչեցրած սպառնալիքները բավականին ուշագրավ առանձնահատկություն ունեն. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախորդ շաբաթ հայտարարություն էր տարածել. «Մեր բանակը, որի հրթիռները ուղղված են Հայաստանի վրա, պատրաստ է հրամանի դեպքում հողին հավասարեցնել անգամ մայրաքաղաք Երեւանը»: Սերժ Սարգսյանը, պատասխանելով Ադրբեջանի նախագահի` պատերազմը վերսկսելու, Ադրբեջանի ՊՆ այս սպառնալիքներին, իր վերջին հարցազրույցում հայտարարել է. «Իրոք, մենք քաջատեղյակ ենք, թե ինչպիսի հնարավորություններ ունեն Ադրբեջանի զինված ուժերը: Ադրբեջանի ղեկավարությունը քաջատեղյակ է մեր հնարավորությունների մասին: …Նրանք շատ լավ գիտեն, որ մենք ունենք բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կմ-ից ավելի է, եւ որոնք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են: Ընտրության հարց է: Եթե այդ մարդիկ «իրենց գլխից ձեռք են քաշել», եթե նրանք որոշել են, որ պետք է գնալ ռազմական լայնածավալ գործողությունների եւ, նույնիսկ, կարող են Հայաստանի բնակավայրերը, որոնք սահմանամերձ չեն, ընտրել որպես թիրախ, ապա թող իրենք իրենց պատասխանատվության մասին մտածեն»: Սերժ Սարգսյանի այս խոսքերը լայն արձագանք են գտել Ադրբեջանում, եւ նրանց Պաշտպանության նախարարությունն էլ հակադարձել է. «Ադրբեջանի զինանոցում կան ամենաժամանակակից եւ բարձր ճշգրտությամբ զենքեր, որոնք երաշխավորված կոչնչացնեն ցանկացած ռազմավարական օբյեկտ կամ ենթակառուցվածք Հայաստանի տարածքում, ինչը կհանգեցնի Հայաստանի վերացմանը` որպես պետություն»:
Երկու կողմերը որպես իրենց ուժի վկայակոչում, մատնանշում են ունեցած սպառազինությունները, որոնք նրանք գնել են Ռուսաստանից: Համենայնդեպս, երկու երկրներին զենքի հիմնական մատակարարը հենց ՌԴ-ն է: Ու ստացվում է` Հայաստանն ու Ադրբեջանը իրար վախեցնում են ռուսական զենքերով: Ավելի անհեթեթ իրավիճակ դժվար է պատկերացնել: Մյուս կողմից, սակայն, սա նաեւ մտահոգիչ է ու լուրջ եզրահանգումների տեղիք է տալիս. ՀԱՊԿ անդամ, ռազմավարական դաշնակից համարվող Հայաստանը պետք է դիվանագիտական կապերն օգտագործի` ՌԴ-ին համոզելու Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում զգուշավոր լինել:
Իսկ մինչ այդ, նկատենք, որ Սոչիում Սարգսյան-Ալիեւ-Պուտին հանդիպումից հետո ԼՂ խնդրում հետաքրքիր զարգացումներ են ընթանում: ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, թե իրենք մտադիր են մոտ ժամանակներս այցելել տարածաշրջան, նաեւ` «Հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններն առաջ մղելու նպատակով Սոչիի քննարկումները շարունակելու համար նախագահները կարող են հանդիպել աշնանը: Համանախագահները պատրաստ են հնարավորինս աջակցել բանակցություններում առաջընթացի հասնելու համար»:
Նաեւ հայտնի դարձավ, որ ԵՏՄ անդամ ՌԴ-ի եւ Ղազախստանի նախագահները հեռախոսազրույցի ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկել են Սոչիում տեղի ունեցած վերջին հանդիպումը: Ըստ Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության՝ Պուտինը Նազարբաեւին իրազեկել է այդ հանդիպման արդյունքների մասին. «Կողմերը քննարկել են առկա դժվարությունները եւ հայտնել իրենց դիրքորոշումները ղարաբաղյան հիմնախնդրի հարցի նկատմամբ»: Ինչպես հայտնի է` Ղազախստանն անթաքույց կերպով սատարում է Ադրբեջանին` նույնիսկ ԵՏՄ-ում հանդես գալով որպես վերջինիս խոսափող ու շահերի ներկայացուցիչ: Եվ հիմա Ղազախստանի նախագահի կողմից Պուտինի հետ զրույցում նաեւ ԼՂ խնդրի շոշափումը պատահական չէ: Առավելեւս, որ նախօրեին էլ Նազարբաեւն ու Լուկաշենկոն քննարկել էին ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ՄԻԼԻՈՆՆԵՐ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի նկատմամբ հերթական մեղադրանքն է առաջադրվել. Գլխավոր դատախազությունը պնդում է, որ 2009-ի սեպտեմբերից մինչեւ 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Սահակաշվիլին պետական բյուջեից 5 միլիոն 100 հազար դոլար է մսխել, հիմնականում անձնական կարիքները հոգալու նպատակով: Վրաց հարկատուների գումարները հիմնականում ծախսվել են արտերկրյա հանգստավայրեր ուղեւորություններ կազմակերպելու, թանկարժեք նվերների ու առողջացման պրոցեդուրաների վրա: Ընդ որում, երբ Վրաստանում հանրային հնչեղություն ստացավ լուրը, որ 2009թ. Սահակաշվիլին մերսումներ ստանալու նպատակով Վրաստան է հրավիրում մի բժշկի, որոշում կայացվեց նախագահի եւ նրա ընտանիքի ու մերձավոր շրջապատի անձնական ծախսերը ձեւակերպել որպես պետական գաղտնիք: Ի դեպ, Հայաստանում էլ իշխանությունները մտադրված են պետական բարձրաստիճան պաշտոնյաների ծախսերը ձեւակերպել որպես պետական գաղտնիք` իբր անվտանգության նկատառումներով: Ավելին՝ շռայլ ծախսերով վրացիներին չի զիջում Սերժ Սարգսյանը, ով նախորդ տարի էլ Կորեայում երիտասարդացման ցողունային թերապիա էր անցել: Նրա խոսնակը պնդել էր, թե բուժման կուրսը նա ստացել է անձնական միջոցների հաշվին: Հետաքրքիր է` Հայաստանում իշխանափոխության դեպքում այս առումով ի՞նչ ուշագրավ բացահայտումներ կլինեն, եւ քանի միլիոն դոլարի մասին խոսք կգնա:

 

ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանը դիմել է մարզպետարան՝ պահանջելով «Դդմաշենի բժշկական ամբուլատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմում գտնվող, սակայն ներկայում չշահագործվող մասնաշենքը նվիրաբերել համայնքին: Համայնքի ղեկավարը նպատակ ունի շենքը վերանորոգել եւ որպես հանդիսությունների սրահ ծառայեցնել: Ի դեպ, Ավետիսյանը պարտավորություն է ստանձնել նշված շենքը Դդմաշենի գյուղական համայնքին հանձնելու դեպքում կատարել կապիտալ վերանորոգման աշխատանքները՝ շուրջ 4 մլն դրամի սահմաններում: Եվ ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տալու «Դդմաշենի բժշկական ամբուլատորիա»-ի ՊՓԲԸ-ի գույքի կազմում գտնվող մասնաշենքը գյուղական համայնքին նվիրաբերելու որոշմանը:

 

ՀԱՏԿԱՑՎԵԼՈՒ Է
ՀՀ կառավարությունն առաջիկայում Մշակույթի նախարարությանը ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ Հեղինե Հովհաննիսյանի եւ Սվետլանա Գրիգորյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերը հոգալու նպատակով գումար է հատկացնելու: Ի դեպ, յուրաքանչյուրին հատկացվելու է 2 մլն 277 հազար 410 դրամ:

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՈՉԻՆՉ ՉԻ ԱՊԱՑՈՒՑՎԵԼ
Բանդայի գործով ամբաստանյալ Արտուշ Հակոբյանը Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում երեկ հայտարարել է. «Ես քրեական աշխարհի ներկայացուցիչ չեմ, ես գործարար եմ, որն իր հայրենիքում բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծել»: Ամբաստանյալը պնդել է, որ ոստիկանության հայտնաբերած զենք-զինամթերքն իրեն չի պատկանել, եւ նույնիսկ իր տնից չի հայտնաբերվել, այլ իր ընկերների տներից. «Այդ ամենը շոու էր, նկարահանման համար էր իրականացվել, դիսկն էլ կա, կարող եք նայել: Էս երկու տարի դատաքննություն է ընթանում, մի բան ապացուցվե՞լ է»,-հարց է ուղղել նա։

 

ԿԱՍԵՑՎԵԼ Է
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ օգոստոսի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց:ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:

 

ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
Մոսկվայի քաղաքային դատարանում Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցի վերաբերյալ փաստաբանների ներկայացրած միջնորդության քննության ժամանակ հայ գործարարը հայտարարել է, որ գործով քննիչը ստիպում է իրեն ստորագրել ինչ-որ փաստաթղթեր եւ այնուհետեւ ինքն ազատ կարձակվի: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայրապետյանի վստահված անձ Արթուր Սաֆարյանը` նշելով, որ Հայրապետյանի սիրտը դատարանում վատացել է եւ նրան ցուցաբերվել է բուժօգնություն: Սաֆարյանի փոխանցմամբ՝ դատական նիստին ներկա են եղել ոչ միայն բարերարի հարազատներն ու ընկերները, այլեւ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, նաեւ ռուս մտավորականներ: Նիստը հետաձգվել է մինչեւ օգոստոսի 15-ը:

 

ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՄԲ
Օգոստոսի 7-ին գերի ընկած Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի սպանության կապակցությամբ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը երեկ պաշտոնական նամակ է հղել Եվրոպական Խորհրդարանի նախագահին, ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին։ Նամակում մասնավորապես ասված է՝. «ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող Ադրբեջանի պաշտոնական քարոզչամեքենաները, խախտելով միջազգային բազմաթիվ կոնվենցիաներ, խախտելով Ժնեւյան կոնվենցիան, ողջ աշխարհին ներկայացրեցին վիդեոկադրեր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականներն ու իր վայրագություններով հայտնի գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովը նվաստացնում հայ քաղաքացուն»:

 




Լրահոս