ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՏՊԱՎՈՐԻՉ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ներկայացնում ենք աշխարհի ամենատպավորիչ շինությունների ցուցակը: Այդ շենքերից մի քանիսի կառուցման համար տասնամյակներ եւ անգամ դարեր են պահանջվել, մյուսների համար՝ մի քանի տարի: Սակայն դրանց բոլորին միավորում է բացառիկ ճարտարապետությունը, ինչը նրանց դարձնում է իրենց երկրի եւ աշխարհի հայտնի տեսարժան վայրերից մեկը:
ԼՈՒՐԵՐ
ԿԱՐԵՎՈՐ ԳՏԱԾՈ
Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հայտարարել է, որ հնագետներն Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանի՝ մինչ այս անհայտ գերեզման են հայտնաբերել:
Երկրի հյուսիսային հատվածում գտնվող Ամֆիպոլիս գյուղի շրջակայքում հայտնաբերվել է մոտ 500 մետր երկարություն ունեցող պատ, որը շրջապատում է գերեզմանը: Համաձայն հնագետների սկզբնական ենթադրությունների՝ Կաստա բլրի վրա գտնվող գերեզմանը շատ կարեւոր անձի է պատկանել, ով բնակվել է մ.թ.ա. չորրորդ դարի վերջին:
Պեղումների ղեկավար Կատերինա Պերիստերին ասել է, որ այն ակնհայտորեն Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո է կառուցվել: Կարծիքներ կան, որ գերեզմանի ճարտարապետը Դինոկրատն է՝ Ալեքսանդր Մակեդոնացու նախկին ընկերը:
Գերեզման-համալիրի ամբողջ երկայնքը պատրաստված է մարմարից, որը բերվել է մոտերքում գտնվող Թասոս կղզուց:
«ԱՐԵՆԻ» ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆԸ
Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը եւ «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը երեկ կայացած ասուլիսին ներկայացրել են հոկտեմբերի 1-ից 5-ը Արենիում կայանալիք 6-րդ գինու փառատոնի մանրամասները՝ հայտնելով, որ փառատոնի պաշտոնական մեկնարկը կտրվի օգոստոսի 17-ին՝ Խաղողօրհնեքի տոնին:
Էդգար Ղազարյանը տեղեկացրել է, որ իրենք մտադրություն ունեն հաջորդ տարվանից արդեն փառատոնը դարձնել միջազգային: «Բացի այն գումարից, որը հատկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը, Վայոց ձորի մարզպետարանը եւս ներդրումներ է կատարում փառատոնի կազմակերպման համար: Ինչ ծավալների գումարներ որ հնարավոր լինի հավաքագրել, այդ ծավալների շրջանակներում էլ կկազմակերպվեն միջոցառումները»,-ասել է նա:
ՇԱՀԱՎԵՏ ԳՈՐԾԱՐՔ
Դերասան Էշթոն Քաթչերը 9.92 միլիոն դոլարով վաճառել է Լոս Անջելեսի իր տունը: Տունը գնվել էր 2008 թ. 8.45 միլիոն դոլարով: Սկզբում դերասանն այն ամսական 50 հազար դոլարով վարձակալել էր: Եռահարկ առանձնատան տարածքն ավելի քան 870ք.մ. է: Այնտեղ հինգ ննջարան եւ ութ լոգարան կա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քաթչերի զուգընկերուհին՝ Միլա Կունիսը, նույնպես վաճառում է իր առանձնատունը:
ՇՈՒՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ
ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Կորմորանտ գյուղի բնակիչները համայնքի ղեկավար են ընտրել Դյուկ անունով յոթ տարեկան շանը: Ընտրություններին մասնակցել է 12 տեղացի, սակայն ընտանի կենդանին հաղթել է զգալի առավելությամբ: Շունը օգոստոսի 16-ին կստանձնի պաշտոնը՝ ամենամյա տոնավաճառի ընթացքում: Իր գյուղն արժանապատվորեն ներկայացնելու համար Դյուկը ստիպված է եղել հինգ ժամ անցկացնել գեղեցկության սրահում: Բացի այդ, նրան հանձնել են նոր գլխարկ եւ պատվավոր ժապավեն: Նորընտիր գյուղապետը լրագրողներին չի մեկնաբանել ընտրություններում տարած հաղթանակը, սակայն բարեհամբույր նայել է տեսախցիկին: Շունը մեկ տարվա ընթացքում կկատարի գյուղի ղեկավարի պարտականությունները: Նորընտիր գյուղապետի աշխատավարձը կհատկացնի տեղի կենդանիների խանութը՝ նրան տալով շան կերի մեկ տարվա պաշար:
ԴԱՍՏԻԱՐԱԿՈՂ ԹԵՎՆՈՑԸ
ԱՄՆ-ում ստեղծվել է թեւնոց, որը հոսանքահարում է տիրոջը՝ իր խոստումը խախտելու համար: Այն հեղինակել է Սթենֆորդի համալսարանի ուսանող Մանիշու Սեթհին՝ նախեւառաջ իր համար: Բանն այն է, որ Սեթհին հին սովորությունները հաղթահարելու եւ նորերը ձեւավորելու խնդիր ունի: Իսկ նման սարք ստեղծելով՝ նա ցանկանում է օգնել իրեն ու նաեւ այլ մարդկանց, ովքեր նման խնդիրներ ունեն: Նա սարքն անվանել է «Pavlov»՝ ի պատիվ ռուս գիտնական Պավլովի ու նրա՝ շնիկների, զանգի ու ստամոքսի աշխատանքի հետ արված գիտափորձի: Ըստ Սեթհիի՝ մարդու առօրյան 40%-ով լցնում են իր սովորությունները: Իսկ դրանցից հրաժարվելու համար շատ ուժեղ խթան է հարկավոր: Այդ «խթանը»՝ հոսանքահարող թեւնոցի տեսքով վաճառքի կհանվի 2015-ի սկզբին: Արժեքը՝ 250 ԱՄՆ դոլար է: