«ՈՎ ՈՐՏԵՂ ՈՒԶԵՑ` ՄՆԱՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ անկեղծ զրույցը շարունակվում է… Հարցազրույցի այս հատվածում` նախկին կոլեգաների ու հեռուստաընկերությունների քաղաքականության մասին:
-Թույլ տալի՞ս եք, որ Ձեր որդին նայի Ձեր հումորը:
-Իհակե, թույլ եմ տալիս նաեւ, որ «Կարգին սերիալ»-ը` Հայկոյին ու Մկոյին էլ նայի:
-Ձեր կինն ինչպե՞ս է վերաբերում հումորիստի Ձեր աշխատանքին:
-Կինս էլ դեմ չէ, մինչ ամուսնանալը գիտեր` ում հետ է ամուսնանում, պատրաստ էր ուշ տուն վերադարձող ամուսին ունենալուն: Ինքն իմ աշխատանքը շատ է գնահատում, ես էլ իրեն եմ պաշտում, սիրում շատ: Ինքը նաեւ մեր նկարահանումներին է գալիս երեխայի հետ:
-Քննադատություն լինո՞ւմ է նրա կողմից:
-Բա իհարկե, մանավանդ իմ խոսակցականի վերաբերյալ: Ասում է` ատամներիդ արանքից մի՛ խոսա, կուզիկ մի՛ կանգնի, այս հումորը պետք չէր անել…
-«Քոմեդի քլաբ»-ը բոլորս էլ նայում ենք, չի՞ պատահել, որ ասեն` նմանակում եք:
-Վա՜յ, ես էլ եմ նայում, գժվում եմ իրանց համար: Էդ էտապն արդեն անցել ենք, երբ մեզ նմանատիպ բաներ էին ասում: Ինչպես հումորը կարող է զուգադիպել, այնպես էլ երաժշտությունը, նկարչի ոճը եւ այլն: Մենք չենք նմանակում, այլ ստեղծում ենք մերը:
-Ձեր ակումբի ելույթների ժամանակ հայտնի մարդկանց եք հրավիրում, պատահե՞լ է, որ մերժեն, չգան:
-Միայն այն դեպքում, երբ աշխատանքի ժամերը չեն համընկնում մեր դրած նկարահանման օրվան: Մենք չենք նեղանում, նորմալ է, մարդն աշխատում է:
-Իսկ միգուցե վախենո՞ւմ են, որ իրենք էլ ձեր հումորի զոհը կդառնան:
-Դա «32 ատամ»-ի ժամանակ էր: Առաջին 1 տարին էր, երբ շատ քչերն էին ռիսկով գալիս: Բայց հետո հասկացան, որ գալիս են ուրախանալու, ու դրա մեջ վատ բան չկա: Հիմա դեպքեր են լինում, երբ նեղանում են, թե ինչու իրենց մեզ մոտ հյուր չենք հրավիրում:
-Կատակից նեղացողներ եղե՞լ են:
-Երբ նոր էինք սկսել իրենց վրա հումոր անել, շատերն էին նեղվում: Բայց հասկացան, որ սա հումոր է, ու պետք է կարողանաս ինքդ քո վրա ծիծաղես: Նրանք սկսել են հասկանալ մեր հումորը, տեսնում են` մեր ասածի տակ չարություն չկա:
-Ձեր սիրելի, ցանկալի հյուրի անունը կնշե՞ք:
-Անդրե:
-Ինչո՞ւ, նրա հումորը յուրահատո՞ւկ է:
-Ինքը շատ հումորով մարդ է, ու նրա հետ տված էներգիան շատ ուրիշ է: Երբ ինքը նստած է լինում ակումբում ու քո արած հումորին նույն կերպ ուրախ պատասխան տալիս, ավելի դուխով ես խաղում: Նույնն էլ Ավետ է Բարսեղյանի դեպքում է:
-Դուք «32 ատամ» ակումբի հիմնադիրներից էիք, ինչպե՞ս ստացվեց, որ մնացիք «Վիտամին» ակումբի տղաների հետ:
-Այստեղ հեռուստաընկերության խնդիր էր: Մեզ դուր չեկավ աշխատելաձեւն «Արմենիա» TV-ում: Մեծամասնության մոտ այդ կարծիքը գերիշխեց, ու մենք գնացինք: Եթե մեր ընկերներից երկուսը նախընտրել են մնալ այնտեղ, ուրեմն վե՞րջ, մենք մեծ մարդիկ ենք, առողջ մտածելակերպ ունենք, ով որտեղ ուզեց` մնաց:
-Ստացվեց, որ հեռուստաընկերությունները «կռիվ գցեցին» ձեր մեջ:
-Չէ՛, չէ՛, չէ՛, մենք կռիվ չենք ունեցել, հասուն մարդկանց պես ճիշտ գնահատեցինք իրավիճակն ու չոտնահարեցինք յուրաքանչյուրիս իրավունքը: Եթե մարդ իր ապագան տեսնում է այդտեղ, դու իրավունք չունես դնել քո ընկերությունը, տենց բան չի կարելի:
-Իսկ շփումը Վահագնի ու Կարենի հետ շարունակվո՞ւմ է:
-Ավելի է քչացել, իրենք էլ ամեն օր ստեղծագործում են, սցենար են գրում, մանավանդ, որ հիմա իրենք քիչ են, իրենց գործն ավելի բարդ է: Հումորը բարդ ժանր է, պետք է կարողանաս ամեն շաբաթ մի նոր բանով հանրությանը ծիծաղեցնել:
-Ասում եք` ընկերական հարաբերությունները պահպանվել են, բայց մենք ձեզ երբեք չենք տեսել նրանց ակումբում, նրանց էլ` ձեր:
-Հեռուստաընկերության խնդիր է, Դուք էլ նոր մարդ չեք, գիտեք, որ մի հեռուստաընկերությունը չի ուզում իր մարդուն տեսնել մյուս հեռուստաընկերությունում:
-«Վիտամին» ակումբի ելույթները միայն հեռուստատեսային տարբերակնե՞րն են, թե՞ նաեւ ակումբային ելույթներ էլ եք ունենում` առանց նկարահանումների:
-Ինչ «Վիտամին»-ը ստեղծել ենք, ակումբային տարբերակ դեռ չենք արել: Մենք մեր առաջ խնդիր ունեինք` հագենալ տեխնիկապես, որակյալ ելույթներ ապահովել, իսկ ակումբային ելույթները շատ էներգիա են տանում: Կայանալու հարց կար, դա 1 տարի տեւեց, կես տարի է, որ սկսել ենք շնչել: Շատ ձեռքբերումներ ունենք, մենք ունենք մեր տեխնիկան, մեր կռանը, մեր կամերաները: Թիմային աշխատանքի շնորհիվ ենք ձեռք բերել այդ ամենը: Մենք միասին կառուցել ենք ու շարունակում ենք կառուցել:
-Քանի որ Դուք իրենց ավագ ընկերն եք, կասե՞ք, թե տղաներից ով է ամենաէնտուզիազմովը:
-Ասեմ, բոլորն են ակտիվ, բայց ամենաէնտուզիազմովը մեր գլխավոր սցենարիստն է` Ռոբերտը, ով պահանջում ու պարտադրում է, որ մենք էլ լինենք էնտուզիազմով:
-Նկատել եմ նաեւ մի բան, որ «Վիտամին»-ում աղջիկ չկա:
-Մենք ծանր չենք տանում, եթե աղջկա դեր է լինում, ունենք հրաշք ընկերուհի` դերասանուհի Անահիտ Կիրակոսյան, ում հրավիրում ենք:
-Այսքան խոսեցինք աշխատանքից, իսկ անձնապես Դուք ինչի՞ կարիք ունեք:
-Իմ ցանկությունն է, որ ոչ մեկ երկրից չբացակայի: Ով էլ կա քաղաքում, կարողանա «ներողություն» ասել: Կարեւոր է առանց բռունցքների հարցերին լուծում տալ: Ես էլ ամեն ինչ անում եմ, որ ուրախացնեմ: Պետք է հետք թողնենք, որ մեզ լավով հիշեն:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս