348 մլն դրամ` Արաքսի ափերն ամրացնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց Գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել մոտ 348 մլն դրամ՝ Արաքս գետի ափապաշտպան կառույցի վերականգնման համար։Արաքս գետի 2012 թ. գարնանային վարարումների առավելագույն ելքը մասնագետները գնահատել են 900 մխ/վրկ, որը 18-20 տոկոսով գերազանցում է 2011 թ. նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը։Կառավարության որոշմամբ նախատեսված է աշխատանքների իրականացման ընթացքում Արմավիրի մարզի Մարգարա, Երվանդաշատ համայնքների տարածքում ամրացնել Արաքս գետի արգելաթումբը և Սյունիքի մարզում, ինչպես նաև Արարատի մարզի Եղեգնավան գյուղում բարձրացնել արգելաթմբի կատարը: Աշխատանքներ կիրականացվեն նաև Լուսառատի տարածքում:Գործադիրի որոշմամբ՝ նախատեսված է նաև կառուցել նոր կամուրջ, և այս ամենի շնորհիվ առափնյա տարածքները զերծ կմնան ողողումից։Կառավարությունը նաև որոշում ընդունեց Գյուղատնտեսության նախարարությանը տրամադրել ևս 5 մլն դրամ, որը պետք է որպես նվիրատվություն հատկացվի “Կանաչազարդ երկիր” հասարակական կազմակերպությանը՝ բարձրորակ տնկանյութերի աճեցմանն ու կանաչ գոտիների վերականգնմանն աջակցելու համար:Կազմակերպությունը 2010 և 2011 թթ. հանրապետության մի շարք մարզպետարաններին և այլ կազմակերպությունների անհատույց տրամադրել է ավելի քան 100 հազար տնկանյութ։ Ծրագիրը շարունակվում է նաև այս տարի։ 
Վարչապետը, տեղեկանալով, որ այս հասարակական կազմակերպությունը ղեկավարում է Սոս Սարգսյանը, շնորհակալություն հայտնեց նրան շոշափելի արդյունքի հասնելու համար և մաղթեց քաջառողջություն։




Լրահոս