Մաքսիմ Հակոբյանը տնօրինում է Ախթալայում գտնվող պղնձամոլիբդենային հանքավայրը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս հունիսի 25-ին «Ժողովուրդ»-ը ահազանգ էր ստացել Լոռու մարզի Շամլուղ քաղաքային համայնքի բնակիչներից այն մասին, որ «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ն իրենց համայնքի գերեզմանոցի մոտ ամենօրյա պայթեցումներ է անում, ինչի հետեւանքով ճաքում են բաց հանքին մոտ գտնվող գերեզմանաքարերն ու շենքերի պատերը: Տեղեկացրել էինք նաեւ, որ «Ապառաժ մայնինգ»-ի կողմից ներկրված պայթուցիկների միակ սպառողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է եւ որ իրականում այդ ընկերությունը դե ֆակտո պատկանում է կոմբինատի՝ արդեն նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանին: Սակայն Հակոբյանը շարունակում էր հերքել իր առնչությունն այդ ընկերությանը՝ ասելով, թե պարզապես «Ապառաժ մայնինգ»-ը պայթուցիկներ է մատակարարում կոմբինատին: Եվ ահա օրերս «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Մ. Հակոբյանը ոչ միայն ուղիղ կապ ունի «Ապառաժ մայնինգ» ընկերության հետ, այլ նաեւ նրան կարելի է գրեթե ամեն օր տեսնել նույն այդ ընկերության կողմից շահագործվող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի բակում: Սա նշանակում է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հեռացած Հակոբյանն իր տնօրինության տակ է վերցրել Ախթալայում գտնվող պղնձամոլիբդենային հանքավայրը, որը պատկանում էր ամերիկահայ գործարար, մանկապղծության մեղադրանքով դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին: Հանքի սեփականատերն այսօրվա դրությամբ դե յուրե 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբի կինն է՝ Մադլեն Թաշճյանը, իսկ դե ֆակտո՝ «Ապառաժ մայնինգ»-ը: Տեղեկացնենք, որ ինքը՝ Մադլեն Թաշճյանը, անհետացել է Հայաստանից. նրա գտնվելու վայրի մասին ոչ ոք ոչինչ չգիտի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս