ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՆԴԿԱՍՏԱՆԻՑ ՆԵՐԿՐՎԱԾ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԿԵՂԾՎԱ՞Ծ ԵՆ

Արդեն երկար ժամանակ է, ինչ շաքարային դիաբետով տառապող ՀՀ քաղաքացիները բողոքում են պոլիկլինիկաներում անվճար տրամադրվող դեղերից: Նրանք դժգոհում են, որ հնդկական ծագում ունեցող «Գլիպեպիրիդ», «ԴիաԶոն», ինչպես նաեւ «Դիալոն ՄՐ», «ԴիաՄար Մ» եւ «Մեդֆորմին» դեղատեսակները ամենեւին չեն օգնում, եւ բժիշկները ստիպված են դրանց չափաբաժինը ավելացնել` արդյունքի հասնելու համար:

2000-ով ավելացել են ինսուլինակախյալները
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ 2013թ. նոյեմբերի 14-ին՝ շաքարային դիաբետով հիվանդների համաշխարհային օրվա առթիվ Մոսկվայի տանը քննարկում է կազմակերպվել: Խնդրի հրատապությունից մտահոգված բժիշկները քննարկման ընթացքում արձանագրել են այն փաստը, որ այդ դեղատեսակների օգտագործումը վտանգում է մարդկանց առողջությունը, քանի որ այն որոշակի խնդիրներ է հարուցում: Բանն այն է, որ մարդիկ, ովքեր իրենց կյանքի երկրորդ կեսին են դարձել դիաբետիկ եւ կարող են սննդակարգի կարգավորմամբ ու հաբերով լավ զգալ, կարճ ժամանակ անց դարձել են ինսուլինակախյալ, քանի որ դեղերը չեն օգնել: Նույնիսկ համաձայն մամուլում շրջանառվող որոշ տեղեկությունների` Հայաստանում ինսուլինակախյալների թիվը 2000-ով ավելացել է:
«Ժողովուրդ»-ը պարզեց նաեւ, որ քննարկման ընթացքում բժիշկները հայտնել են, թե իրենց մտերիմ մարդկանց խորհուրդ են տալիս դեղատներից որակյալ դեղեր գնել` առողջության հետ կապված հետագա բարդություններից խուսափելու համար: Ըստ նրանց` եթե նախկինում պետության կողմից անվճար տրամադրվող «Դիաբետոն» եւ «Ամարիլ» դեղահաբերը օգնում էին հիվանդներին, ապա այժմ ներկրված դեղերը որակապես ոչ միայն լավը չեն, այլեւ, ընդհակառակը, ավելի են խորացնում հիվանդությունը, որի հետեւանքով մարդիկ ստիպված անցնում են ինսուլինի ու դառնում ինսուլինակախյալ: Փաստորեն, ստացվում է, որ անգամ բժիշկները չեն վստահում ԱՆ-ի ներկրած դեղերին:

Նախարարության համար կարեւորը էժան գինն է
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը համառորեն հերքեց ոչ միայն այն, որ վերը նշված միջոցառման ժամանակ նման հարց է քննարկվել, այլեւ խնդրի առկայությունն ընդհանրապես` ավելացնելով, որ դեռեւս անսպասելի ազդեցության ոչ մի հիմնավորված բողոք չի արձանագրվել: Հետեւաբար, մամուլում տեղ գտած հրապարակումները որեւէ մասնագիտական հիմնավորում չունեն եւ չեն համապատասխանում իրականությանը: Ըստ նրա` Առողջապահական համաշխարհային կազմակերպության կողմնակի ազդեցությունների տվյալների բազայում «ԴիաԶոն-ՄՌ 60 մգ տաբլետս» եւ «ԴիաՄար-Մ 500 մգ+2մգ տաբլետս» դեղերի կիրառումից առաջացած կողմնակի ազդեցությունների վերաբերյալ տվյալներ չկան:
Քրմոյանը տեղեկացրեց նաեւ, որ մրցույթին ներկայացվել են «Գլիկլազիդ ՄՌ» ¥«Դիազոն ՄՌ», «Դիաբետոն ՄՌ»¤ եւ «Գլիմեպիրիդ 2մգ+Մեթմորմին 500 մգ» ¥«ԴիաՄար Մ», «Ամարիլ Մ»¤ դեղատեսակները, եւ այդ մրցույթում հաղթող է ճանաչվել է հնդկական արտադրության «Պերդաման Ֆարմասյուտիկալ Պվտ.» ՍՊԸ-ն` ելնելով գնային տարբերություններից: Այսինքն՝ նախարարության համար կարեւորն էժան լինելու հանգամանքն է, իսկ որակը կարող է եւ զիջել:
ԱՆ-ի աշխատակազմի ղեկավարը ջանասիրաբար պնդում էր, որ առողջապահության նախարարության գլխավոր նպատակը մարդկանց առողջության մասին մտահոգվելն է ու այդ նպատակով անվտանգ ու որակյալ դեղերի ներկրումը, սակայն աչք է փակում այն հանգամանքի վրա, որ այսօր աշխարհում հնդկական դեղագործական ընկերությունները առավելապես աչքի են ընկնում դեղատեսակների կեղծման փորձով: Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԱՄՆ-ում եւ մի շարք այլ երկրներում արգելել են որոշ հնդկական դեղամիջոցների ներկրումը, քանի որ հնդկական դեղագործական ընկերությունները, ըստ ԱՄՆ-ի Դեղորայքի եւ պարենամթերքի վարչության տվյալների, կեղծում են դեղամիջոցների թեստավորման արդյունքները եւ կեղծ դեղեր վաճառում:

Ո՞ւմ «պադվալում» են սարքվում դեղերը
Համաձայն «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների` Հայաստան ներկրվող հնդկական դեղահաբերը ոչ միայն գրանցված չեն, այլեւ ներկրման ընթացքում ընդհանրապես չեն ենթարկվել լաբորատոր փորձաքննության: Նույնիսկ համացանցում դժվար է ինչ-որ տեղեկություն գտնել այդ դեղատեսակների մասին: Միգուցե այս ամենը ապացույցն է այն «ասեկոսեների», թե այդ դեղահաբերը անհայտ եղանակներով արտադրվում են Հայաստանի «պադվալներից» մեկում՝ պարզապես հնդկականի անվան տակ:
Այս մասով եւս ԱՆ աշխատակազմի ղեկավարը փորձեց արդարանալ` նշելով, որ հնդկական արտադրության «ԴիաԶոն ՄՌ», «ԴիաՄար Մ» եւ «ԴիաՄետ Ֆ» դեղատեսակները 18.01.2012թ.-ից գրանցված են Հայաստանում, եւ նախքան գրանցվելը բոլոր փաստաթղթերը ենթարկվում են մանրակրկիտ վերլուծության, իսկ դեղատեսակները` որակի լաբորատորային փորձաքննության, եւ եթե դրանց որակը, արդյունավետությունը եւ անվտանգությունը համապատասխանում են ՀՀ-ում ընդունված գրանցման պահանջներին, այդ ժամանակ էլ դեղերը գրանցման են երաշխավորվում:
Սակայն սրանով ամեն ինչ չի վերջանում: «Ժողովուրդ»-ի փոքրիկ հետազոտությամբ պարզվեց, որ վերոնշյալ դեղերը Հայաստան են ներկրվել դեռեւս 2012թ. դեկտեմբերին, մինչդեռ մրցույթը հայտարարվել է մեկ ամիս հետո՝ հունվարին: ԱՆ աշխատակազմի ղեկավարը պարզաբանեց, որ դեղերի ձեռքբերման ընթացակարգը սկսվել է 2012թ. դեկտեմբերի 17-ին, քանի որ այդ դեղերը արդեն գրանցված են եղել 2012թ. հունվարից: 2012-2013թթ. դրանք Հայաստան են ներկրվել «Արմֆարմ» ՍՊԸ-ի կողմից, ենթակվել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում պարզվել է, որ դրանք համապատասխանում են ՀՀ-ում ընդունված նորմատիվային պահանջներին:

Դատարկ վիճակագրություն
Քրմոյանը տեղեկացրեց նաեւ, որ ԱՆ-ն իրավասու է կասեցնել դեղատեսակի գրանցումն ու շրջանառությունը միայն այն ժամանակ, եթե դրա կողմնակի ազդեցության դեպքերի դրսեւորման հաճախականությունը գերազանցում է արձանագրված սահմանները կամ ի հայտ են գալիս կյանքին սպառնացող երեւույթներ: Փաստորեն, ստացվում է, որ ԱՆ-ն առաջնորդվում է ոչ թե մարդկանց առողջության մասին մտահոգվելու հրամայականով, այլ հանրահայտ ժողովրդական ասացվածքով. «Գնա մեռի՛ր, արի՛ սիրեմ»:
Որքան էլ ԱՆ-ն փորձի աչք փակել այս խնդրի վրա ու ամեն կերպ արդարացնի իր քայլերը, այնուամենայնիվ, փաստ է, որ խնդիրն առկա է, եւ պետք է լրջագույն ուսումնասիրություն կատարել ու լուծել այն: Չէ՞ որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվալներով՝ Հնդկաստանում արտադրվող դեղերի 20%-ը կեղծ է. արդյո՞ք արժե այդ երկրից դեղ ներկրել ընդհանրապես:

ՍԱԻԴ ԱՎԴԱԼՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՍՏՈՒԳԵԼ ԱՅԼ ԵՐԿՐՈՒՄ

«Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե ցանկալի է, որ գազի որակի ստուգումն անցկացվի այլ երկրներում: «Առաջարկեցինք նախ ապահովել այդ չափումները՝ առանց բնակիչներին նախազգուշացնելու, եւ նույն գազը նույն բալոնով տեղափոխել այլ երկիր եւ այնտեղ էլ հենց չափումներ անել»,-հայտարարեց Պողոսյանը` նշելով, սակայն, որ իրենց առաջարկը չանցավ: Իսկ «Սպառողների ազգային ընկերակցություն» ՀԿ-ի ղեկավար Կարեն Չիլինգարյանի կարծիքով՝ անհնար է գազին օդ կամ ազոտ խառնել: Նրան ավելի շատ մտահոգում է գազի սակագնի բարձրացումը: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում կլոր սեղան էր հրավիրվել «Բնական գազի կալորիականություն եւ որակական հատկանիշներ» թեմայով, որին մասնակցել էին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Չափագիտության ազգային ինստիտուտի, ՀԿ-ների ներկայացուցիչներ, փորձագետներ եւ լրատվամիջոցներ: Կլոր սեղանի ժամանակ գազի որակական հատկանիշների ստուգումներ անցկացնելու առաջարկներ էին ներկայացվել նաեւ «Սպառողների ազգային ընկերակցություն» եւ «Սպառողների միություն» ՀԿ-ների կողմից: Նշենք, որ երկժամյա քննարկումից հետո մասնակիցները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի շարժական լաբորատորիայի միջոցով պատահական սկզբունքով ընտրված սպառողի բնակարանում գազի որակական հատկանիշների ստուգաչափում էին անցկացրել: Դրա արդյունքում արձանագրվել էր 8243 կկալ մեկ խորանարդ մետր բնական գազում:

 

ԲԱՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Երեկ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորատը, Արհմիութենական կազմակերպության կոմիտեն եւ ուսանողական խորհուրդը հայտարարություն էին տարածել, որում «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամներին կոչ են անում սպասել կուտակային կենսաթոշակային համակարգի հարցով ՍԴ որոշմանը: Հիշեցնենք, որ «ԴԵՄ ԵՄ»-ի անդամները հայտարարել էին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակում փետրվարի 20-ին՝ ժամը 12:30-ին (երկար դասամիջոցի սկիզբ), ուսանողների եւ դասախոսական կազմի հետ բաց հանդիպում հրավիրելու մասին: Ի պատասխան ՀՊՃՀ ռեկտորատի հայտարարության՝ «ԴԵՄ ԵՄ»-ը վերահաստատում է, որ, օգտվելով իր ազատ կամարտահայտման ու խաղաղ հավաքներ, հանդիպումներ անցկացնելու իրավունքից, այսօր՝ ժամը 12:30-ին, ՀՊՃՀ-ի բակում բացառապես դասամիջոցի ժամին կազմակերպելու է ուսանողության հետ հանդիպում:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս