Արփինե Բեկջանյանի կոլեգաները խուսափում են իրենից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

90-ական թվականներին հայկական շոու-բիզնեսի աստղառատ երկնակամարում իր ուրույն տեղն ուներ երգչուհի Արփինե Բեկջանյանը: Տարիների ընթացքում ինչպես ցանկացած երևույթ, այնպես էլ շոուբիզնեսային կյանքն էվոլուցիայի ենթարկվեց: Շատերը «մաղվեցին», շատերն էլ իրենց խորը արմատները գցեցին հայական շոու- բիզնեսում: 21-րդ դարի մեկնարկից հետո Արփինե Բեկջանյանի աստղը խավարեց: Երբեմն-երբեմն երգչուհին շատ կարճ ժամանակով հասցնում էր ուրախացնել իր երկրպագուներին` ներկայանալով մի քանի տեսահոլովակներով, սակայն, այդ ամենը չօգնեց նրան առաջվա ճանաչումը հետ բերել:

«Ժողովուրդ»-ը զրուցել է երգչուհի Արփինե Բեկջանյանի հետ` տեղեկանալու, թե ինչո՞ւ նա չի երեւում էկրաններին եւ ինչո՞ւ չի մասնակցում հավաքական համերգներին:

-Արփինե, Դուք 90-ական թվականների հայկական շոու-բիզնեսի վառ ներկայացուցիչներից եք: Սակայն, արդեն տեւական ժամանակ է` չեք երեւում հեռուստաէկրաններին, չեք մասնակցում կազմակերպվող բազմաթիվ համերգային ծրագրերին եւ չեք ներկայացնում նոր տեսահոլովակներ: Ո՞րն է պատճառը:

-Այո, արդեն բավականին երկար ժամանակ է չեմ ներկայանում իմ երկրպագուներին: Մեծ սիրով ու կարոտով եմ հիշում ոչ այնքան հեռավոր 90-ական թվականները, երբ ամեն ինչ այլ էր, իսկ հիմա ես ու իմ «բախտակից» ընկերներից շատերը չենք երեւում էկրաններին եւ ակտիվ գործունեություն չենք ծավալում շոու-բիզնեսում: Իմ մասով կարող եմ ասել, որ այդ մասին խոսելն արդեն իսկ տհաճ է, շատ եմ լցված, զայրացած…. Ես այդ մասին շատ քիչ եմ աշխատում խոսել, որովհետեւ դառը զգացողություններ են արթնանում: Եվ ինչպե՞ս կարող է տհաճ չլինել այն զգացողությունը, երբ ցանկություն ես հայտնում մասնակցել որեւէ համերգի, բայց, այսպես կոչված, կոլեգաներդ այդ համերգի կազմակերպիչներին գաղտնի կամ էլ բացահայտ ասում են, թե` եթե ես մասնակցեմ այդ համերգին, ապա իրենք չեն մասնակցի: Իրոք, շատ տհաճ է ու վիրավորական:

-Այսինքն, Ձեր կոլեգանե՞րն են մեղավոր, որ Դուք շոու-բիզնեսում ակտիվ չեք:

-Դե ոչ միայն նրանք, կոնկրետ անուններ չեմ կարող նշել, ավելի ճիշտ` խուսափում եմ…..Շատ վատ է, որ մարդիկ բազմաթիվ բարոյական ու անբարոյական ճանապարհներով առաջ են գնում ու դեռ այդ կարգավիճակում էլ ուրիշներին են քննադատում, ուրիշների կյանքը քննարկում:

-Կարո՞ղ եք մեր այսօրվա շոու-բիզնեսի արժանավորներին նշել: Ըստ Ձեզ, ովքե՞ր են արժանի ճանաչում ունենալու, հեռուստադիտողների, հանդիսատեսի սերն ու հարգանքը վայելելու:

-Այ դա բարդ հարց է, էլի եմ ասում` խուսափում եմ անուններ տալուց: Չեմ ժխտում, տաղանդավորներ կան, կան նաեւ այնպիսիք, ովքեր զանազան ճանապարհներով են բեմեր նվաճում, խոր արմատներ ձգում ու հաստատվում երգարվեստում` իրականում այդ ամենից բավականին հեռու լինելով:

-Բազմաթիվ միջազգային նախագծերի հայկական տարբերակներում ժյուրիի անդամներ են լինում նաեւ Ձեր կոլեգաներից շատերը: Ըստ Ձեզ, նրանք արժանի՞ են այդ պատասխանատու գործը ստանձնելուն:

-Անշուշտ, ցավալի թեմա է, նաեւ ծիծաղելի…. Շատերը, ովքեր նույնիսկ փոքրիկ աղերս չունեն երգեցողության, երգարվեստի հետ, իրենց գիտակի տեղ են դնում: Դա բավականին պատասխանատու եւ լուրջ աշխատանք է, չի կարելի ամեն պատահածին ներառել այդպիսի ծրագրերում: Օրինակ, եթե ինձ առաջարկեին, ես պատրաստ չէի լինի այդ պատասխանատվությունն ինձ վրա վերցնել: Իրականում ես ի ծնե քննադատ եմ, եւ իմ այդ ձիրքը շատ պետք կգար այդպիսի նախագծերում, բայց մի տեսակ ճիշտ չեմ համարում դա, անհամեստություն կլիներ իմ կողմից համաձայնվելը:

-Առաջիկայում Ձեր երկրպագուները հնարավորություն կունենա՞ն վայելելու իրենց սիրելի երգչուհու նոր կատարումները: Ունե՞ք նոր ծրագրեր:

-Ամուսնուցս է կախված այդ ամենը: Ունեմ մեծագույն ցանկություն բեմում եւ հեռուստաէկրաններին երեւալու, բայց միայն ամուսնուս` երաժիշտ Արման Էլբերտի օգնությամբ դա կարող եմ անել, միայն նրան եմ վստահում: Այս պահի դրությամբ ամուսինս բավականին հագեցած աշխատանքային գրաֆիկ ունի եւ մի տեսակ հետաձգվում է, բայց, հավանաբար, մինչեւ Ամանոր ես կներկայանամ նոր երգով ու տեսահոլովակով:

Զրուցեց Լուսինե Հակոբյանը




Լրահոս