Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ Նորվեգիայում այս տարի երեք ոգեկոչման միջոցառում է նախատեսվում:
Ավանդույթի համաձայն, Օսլոյի և շրջակա բնակավայրերի հայերը ապրիլի 24-ին կհավաքվեն Ֆրիտյոֆ Նանսենի (լուսանկարում) նախկին առանձնատան տարածքում, որն այժմ զբաղեցնում է Ֆրիտյոֆ Նանսենի անվան ինստիտուտը: Հենց այդ տան բակում է գտնվում մեծ մարդասերի ու հայ ազգի անձնուրաց բարեկամ Նանսենի գերեզմանը, որն էլ դարձել է տեղի հայերի համար յուրովի սրբավայր և ցեղասպանության հիշատակի հուշահամալիր:
Նույն օրը Նորվեգիայի մեծությամբ երկրորդ քաղաք Բերգենում տեղի հայերը կհավաքվեն ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:
Ավելի վաղ՝ ապրիլի 22-ին, Վեգորշայ (Vegպrshei) համայնքի հայերի նախաձեռնությամբ և Նորվեգիայում Հայկական մշակութային միության աջակցությամբ, Վեգորշայ համայնքի եկեղեցում կկատարվի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մշակութային միջոցառում և կմատուցվի հոգեհանգստի պատարագ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանայի կողմից՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի կարգադրությամբ և օրհնությամբ: Միջոցառմանը կմասնակցեն տեղի և Օսլոյի հայերը, տեղական ինքնակառավարման մարմինների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:Ելույթով հանդես կգա նաև Կրագերո (KragerՔ) համայնքի ղեկավարը: Կրագերոն Նորվեգիայի առաջին համայնքն է, որը պաշտոնապես ճանաչել է հայերի ցեղասպանությունը: Հենց Կրագերոյում է բնակվել նորվեգացի միսիոներ և հայ ազգի բարեկամ, ցեղասպանության ականատես և բազում որբացած հայերի խնամակալ Բոդիլ Բյորնը, ում նվիրված հուշարձանը տեղադրված է Կրագերոյում: Կրագերոյի և Վեգորշայի քաղաքապետերի հորդորով և Նորվեգիայի հայերի կոչ-դիմումի հիման վրա՝ Վեգորշայի համայնքային խորհուրդը հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկման կդնի հայերիս համար շատ խորհրդանշական օրը` ապրիլի 24-ին:Ավագանու անդամների դրական քվեարկության դեպքում՝ Վեգորշայը կլինի Նորվեգիայի երկրորդ համայնքը, որ ճանաչել է ցեղասպանությունը: Այս փաստը դրական ազդակ կհանդիսանա այլ համայնքների, քաղաքների և, միգուցե նաև, երկրի խորհրդարանի մակարդակով հայերի ցեղասպանության ճանաչման հարցի արծարծման համար:Էրիկ Գրիգորյան
Օսլո, Նորվեգիա