Ապրիլի 22-ն` առանց ավտոմեքենայի օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Կանաչաստան” հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ ապրիլի 22-ը կնշվի առանց մեքենայի օր՝ Երկրագնդի օրվա կապակցությամբ: Ժամը 14:00-ից “Կանաչաստան” ՀԿ-ն բնապահպանական միջոցառումներ կանցկացնի Բեյրութի փողոցում, Շահումյանի հրապարակի հարևանությամբ և հարակից այգում, Մանկական այգում:
Ըստ կազմակերպության տարածած հայտարարության, առանց մեքենայի օրը ամենամյա տոն է, որ նշվում է աշխարհի մեծ քաղաքներում՝ առանց աղմուկի, սթրեսի և մեքենաների: Ինչպես աշխարհի շատ քաղաքներում, այնպես էլ Երևանում նշվելու է Երկրագնդի օրը, որի կապակցությամբ ապրիլի 22-ին քաղաքի կենտրոնում կդադարեցվի ավտոմեքենաների երթևեկությունը և մարդկանց հնարավորություն կընձեռվի ազատորեն դուրս գալու փողոց՝ զբոսնելու, վազելու, խաղալու և վարելու ոչ թե մեքենա, այլ հեծանիվ:
“Կանաչաստան” ՀԿ-ն և աջակից բնապահպան խմբերը հրավիրում են բոլորին այդ գարնանային գեղեցիկ օրը քաղաքում միասին անցկացնելու: Միջոցառման ընթացքում նախատեսվում են բնապահպանական ֆիլմերի ցուցադրություն և խաղեր: Ցանկացողները կարող են բերել և վարել իրենց հեծանիվներն ու անվավոր չմուշկերը: Այցելուները կծանոթանան նաև հեծանվային ճանապարհային նշաններին և երթևեկության կանոններին: Նախաձեռնությանն օժանդակում են “Քաունթերփարթ Ինթերնեշնլի” հայաստանյան ներկայացչությունը, ԱՄՆՄԶԳ-ն, ԵԱՀԿ-ն և Երևանի քաղաքապետարանը:




Լրահոս